Քիմ Քարդաշյանի արձանը մի օր կհայտնվի՞ Երևանում
Այսօր ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը տնտեսական թեմաներից սահուն անցում կատարեցին քաղաքական գործիչ Անաստան Միկոյանի արձանին: Արագած Ախոյանը հարց բարձրացրեց. «Հետաքրքիր է՝ կա՞ աշխարհի երեսին մի ազգություն, որի համար մի մարդ կարող է լինել հերոս, մյուսի՝ թշնամի, կոնկրետ Միկոյանի արձանի համար ես ուղղակի կարող եմ ասել, որ հարցը շատ վիճահարույց է, չլիներ ինքը, միգուցե, սպանվեին ավելի շատ հայեր»: Տաճատ Վարդապետյանը համոզված է, որ Անաստաս Միկոյանը հայերի մոտ պետք է դրական վերաբերմունք առաջացնի. «Միկոյանը եղել է սովետական գերտերության երկրորդ դեմքը, նա նաև ազգությամբ հայ էր, սրան պետք է ըմբռնումով մոտենալ: Հայրենիքում նրա հուշարձանի տեղադրումն ընդունելի է»: Լրագրողներից մեկի այն հարցին, թե հնարավո՞ր է, որ մոտ ապագայում Երևանի կենտրոնում հայտնվի Քիմ Քարդաշյանի արձանը, Արագած Ախոյանը պատասխանեց. «Ցավոք սրտի, մի օր այդ իրականությանն էլ կբախվենք, եթե մենք հրաժարվենք մեր անցյալից և հիմքերից: Այսօր բոլորս էլ լուրջ խնդիրներ ունենք մատաղ սերնդի դաստիարակման գործում, սակայն ես հավաստիացնում եմ՝ ԲՀԿ-ն և ես անձամբ՝ որպես հայ մարդ՝ խորհրդարանում լինեմ, թե ոչ, այնպես կանեմ, որ մեր ազգի կերպարն ու հոգին այդքան չդատարկվի»: Իսկ Տաճատ Վարդապետյանը նախընտրեց Քիմ Քարդաշյանի արձանից չխոսել, նա միայն ասաց, որ հարկավոր է Երևանում տեղադրել մշակութային հայտնի գործիչների արձանները: