Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները կշարունակվեն (տեսանյութ)

Քաղաքականություն
NATO-azh

Հայաստանի քաղաքական շահերից է բխում շարունակել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանը: ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը տեղի է ունեցել մայիսի 30-ից հունիսի 1-ը: Արդյոք ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններում ՌԴ-ի հետ մեր համագործակցությունը որեւէ խոչընդոտ չի՞ առաջացնում կամ խնդիրներ ստեղծում՝ հարցին Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունները հանգամանալից քննարկվել են դեռ այս տարվա սկզբին եւ բավականին հանգամանալից խոսվել է ՀՀ արտաքին քաղաքականության եւ մեր ռազմական ոլորտում ՆԱՏՕ-ի ներգրավվածության հարցերի շուրջ»: Նա նաեւ նկատեց՝ կա 2014-16թթ. գործողությունների նոր ծրագիր, որի ընթացքում նախատեսված է մշտադիտարկում: Պարոն Նահապետյանը նաեւ տեղեկացրեց, որ ՆԱՏՕ ԽՎ-ում Ուկրաինային աջակցելու վերաբերյալ ընդունված հռչակագիրը ակնհայտ հակառուսական ուղղվածություն ուներ. «Այս ԽՎ-ում ՀՀ-ն քվեարկելու իրավունք չունի, եւ մենք այդ հռչակագրի համար քվեարկելու իրավունք չունենք: Բացի այդ, ՌԴ մասնակցությունը դադարեցված է ՆԱՏՕ-ում: Սակայն ես կարծում եմ, որ ոչ թե պետք է սրել հարաբերությունը ՌԴ-ի հետ, այլ պետք է համագործակցության ելքեր փնտրել, քանի որ լարվածությունը ոչ մեկին օգուտ չի տա: Ես ինքս մտահոգություն չունեմ, որ ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունները կվատթարան, քանի որ մենք սերտ համագործակցություն ունենք ՌԴ-ի հետ: Շուտով ուելսյան վեհաժողովում մի բանաձեւ է ընդունվելու՝ գործընկերների գործողությունների հետագա ծրագրի վերաբերյալ»: Հայկական պատվիրակության անդամ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը նկատեց՝ մենք պետք է մեր շահերով առաջնորդվենք ու մտահոգվենք, եւ հետեւաբար, մեր աշխատանքն անենք. «Մտահոգություն հիմա ես չեմ տեսնում, քանի որ ՆԱՏՕ-ն պատրաստ է իր հարաբերությունները խորացնել ՀՀ-ի հետ այնքան, որքան ՀՀ-ն կցանկանա»: ԽՎ նիստին բարձրաձայնվել է նաև Սիրիայի եւ մասնավորապես Քեսաբի հարցը, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիան ոչ միայն իր տարածքով թույլ է տվել Քեսաբ ներխուժել զինյալ ապստամբներին, այլ ֆինանսական աջակցություն ցուցաբերել նրանց։ Մեր պատվիրակությունը խնդրեց պարզել, թե ինչ քայլեր կարող է անել ՆԱՏՕ-ն, որ իր անդամ պետության կողմից նման քայլեր չձեռնարկվեն։ ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը նկատեց, որ վեհաժողովի կողմից որևէ արձագանք չեղավ։ Թեւան Պողոսյանը միայն նկատեց, որ ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների համար կա մի սկզբունք՝ որեւէ կերպ չնեղացնել գործընկերոջը։