«Սյունիքը ճանաչվելու է ժողովրդավարության պոստ» (տեսանյութ)
«Իրոք շատ գեղեցիկ երկրում ենք ապրում: Ես ոչ մի բան չեմ կարող ասել, որովհետեւ վաղը կամ մյուս օրը Սյունիքը ճանաչվելու է ժողովրդավարության պոստ, քանի որ այդպիսի ընտրություններ են տեղի ունեցել, չնայած, որ սպանություններ են եղել, բայց էդպես էլ է լինում, ճանապարհը դժվար է դեպի նոր ժողովրդավարություն։ Մենք ունենալու ենք նոր Սյունիք: Ես ապրում եմ ժողովրդավար երկրում»,- «Ա1+»-ի խնդրանքով անդրադառնալով երեկ Գորիս քաղաքում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններին՝ հայտարարեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը։ Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի թոհուբոհը ոչ այսօր է սկսվել, ոչ երեկ: Սկսվել է այն պահից, երբ Արցախը բանակցային գործընթացների մեջ դարձավ սայլի հինգերորդ անիվը. անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող կրակոցներին՝ նշեց բանախոսը։ «Ադրբեջանական կողմը մեր զինվորներին սպանելով՝ ցույց է տալիս, որ հակամարտությունը Հայաստանի հետ է, ոչ թե Արցախի: Ի տարբերություն մեզ, Ադրբեջանում լուրջ մարդիկ են նստած, լուրջ ծրագրեր ունեն: Մենք էլ պետք է ծրագրեր ունենանք, հո մենակ դատարկ խոսելով չի: Լրջագույն մարտահրավերների առջեւ ենք կանգնել: Եթե չորսուկես տարի առաջ ԱՄՆ-ն մեզ պաշտպանում էր, հիմա էդպես չի լինելու, վատ բան ա լինելու: Օրինակ՝ ԱՄՆ համանախագահ Ուորլիքի հայտարարությունը»,- հիշեցնում է պարոն Եղիազարյանը: ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ նշեց, որ մեր սահմանի լարվածությունը կապված է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Պատգամավորը ուղիղ կապ չի տեսնում հայ-ադրբեջանական սահմանի կրակոցների եւ Աստանայում տեղի ունեցածի միջեւ. «Սրանք քաղաքական խաղեր են, որպեսզի երկրորդ ճակատն ավելի լարված պահի»: