Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կկրե՞ն պատասխանատվություն նախընտրական խոստումը չկատարելու համար (տեսանյութ)

Քաղաքականություն
c574bb697c33e0123a207d2540f760cf

Ինչու պատասխանատվություն չի կրում ժողովրդի վստահության քվե ստացած պատգամավորն իր նախընտրական խոստումները չկատարելու համար։ Այսօր Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի քննարկման ժամանակ հարց բարձրացրեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը. «Պատգամավորը խոստանում-ասում է՝ ես ասֆալտ կփռեմ ու դառնումա պատգամավոր»։ Միաժամանակ, պարոն Մինասյանը հիշեցրեց՝ ասֆալտապատումը պատգամավորի գործառույթը չէ. «Պետք է ամեն մեկն իր լիազորությունների սահմաններում իր խոստումները տա, այլ ոչ թե... հասկանում եք»։ Պատգամավորի հարցը զարմացրեց Մասնագիտական հանձնաժողովի անդամ, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանին. «Եթե այնուամենայնիվ գրես՝ ինքը ինչ պետք է անի, ի՞նչ ենք անելու, պատասխանատվությա՞ն ենք ենթարկելու, թե՞ ոչ»։ Սահմանադրությամբ հրաշքներ չես գործի՝ կարծում է պարոն Թովմասյանը: Քաղաքական և իրավական մշակույթ ձևավորելու պարագայում միայն քաղաքացիները հստակ կարող են տարբերակել՝ ով է պատգամավորը, ով է նախագահը և որն է նրանց գործառույթների ու լիազորության շրջանակը. «Եթե մի երեխայի բժիշկը գա, ասի՝ ես ձեր բակը խաղահրապարակ կսարքեմ, բայց դու արի, որ քո ատամը ես հանեմ, այդ երեխան չի գնա, քանի որ նա գիտակցում է, որ ատամի ցավի դեպքում պետք է գնալ ատամնաբույժի մոտ»։ Քննարկմանը ներկա ՀԺԿ անդամ Ֆելիքս Խաչատրյանին մտահոգում է այն հանգամանքը, որ ընտրություններին ուժային կառույցները, հատկապես զինվորականները, զրկված են ձայնի իրավունքից: Նրանց պարզապես տանում են ընտրատեղամաս, տալիս քվեաթերթիկն ու ասում, թե ում ընտրեն. «Այ սա է վիրավորական, այ սրանից պետք է ամաչեն իշխանությունները»։ Իշխանությունն ամաչելու պատճառ չունի՝ հակադարձում է սահմանադրագետ Հրայր Թովմասյանը. «Սա տիպիկ ընտրական օրենսգրքի խնդիր է, և սահմանադրությամբ գրել, թե բանակը որտեղ ու ինչպես պետք է քվեարկի, ես համենայնդեպս նման երկիր չեմ հանդիպել»։ Ի դեպ, այսօրվա քննարկմանը իր խոստման համաձայն չմասնակցեց ՀԱԿ-ը։