Նազարբաեւը կփոխի՞ իր արժեհամակարգը (տեսանյութ)
«Արարատյան դաշտավայրի բնակչությունն այսօր ապրում է անդունդի վրա»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը՝ խոսելով Արարատյան դաշտի արտեզյան ավազանների մասին. «Արարատյան արտեզյան ավազանը ջուրն ամբողջովին կլանել է, իսկ երբ մի բան դատարկվում է, տեղը ինչ –որ այլ բանով պետք է լցվի, որը չի արվել»։ ԲՀԿ-ական պատգամավորի կարծիքով՝ այս տարի Հայաստանը ջրի խնդիր է ունենալու. «Ջուրը չի ամբարվել, բայց եղել են անձրևներ, առատ ձյուն, բոլոր ավազաններն անգամ կիսով չափ չեն լցվել»։ Այն հարցին, թե ի՞նչն է ավազանների ամբողջովին ջրով չլցվելու պատճառը, Լյովա Խաչատրյանը դժվարացավ պատասխանել, քանի որ ըստ նրա՝ պետք է խնդիրն ուսումնասիրվի։ Հայաստանի այս տարվա սակավաջրությունը կարող է պատճառ հանդիսանալ Սևանա ջրից ավելի շատ ջուր բաց թողնելու. «Ջուրը չի հերիքելու դաշտերի ջրամատակարարման համար»,- ընդգծեց պատգամավորը։ Նրա կարծիքը չի կիսում ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը. «Այո, այս տարի Հայաստանը ջրի խնդիր ունի, սակայն պատճառն այն է, որ այս տարի սակավաջուր է եղել տեղումների տեսանկյունից»։ Բանախոսները նաև անդրադարձան Ալիևի նամակին. ինչու՞ ՍերԺ Սարգսյանը համարժեք պատասխան չտվեց, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանն ասում է. «Բայց ինչ կար դրան պատասխանելու, ուշադրություն դարձրեք, որ ոչ մի երկրի նախագահ չանդրադարձավ Նազարբաևի խոսքին։ Ես վստահ եմ, որ Նազարբաևը տիրապետում է իրավիճակին և գիտեր, որ իր ասածով ոչինչ չի փոխելու, սակայն ասաց զուտ իր և Ալիևի հարաբերութունների կարգավորման համար, իսկ նախագահը չպատասխանեց, քանի որ ամեն ինչ իր տեղն ու ժամանակն ունի, և հետո Սերժ Սարգսյանն արդեն մի անգամ պատասխանել էր այդ հարցին»։ Այս հարցում 2 բանախոսներն համակարծիք էին. ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը միայն հավելեց. «Ադրբեջանը և Ղազախստանը նույն արժեհամակարգը կրող պետություններ են, նրանցից նման արտահայտություններ կարող ենք լսել, սակայն վստահ եմ, որ Նազարբաևն անդամակցելով ՄՄ-ին՝ կփորձի կրել Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի արժեհամակարգը»։