Ինչպես ԲՀԿ-ականն իր խնդիրներով դիմի հանրապետականին (տեսանյութ)
ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանը մտադիր չէ հետեւել ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի հետեւյալ առաջարկին, թե ում դիմի մարդը, երբ որեւէ խնդիր է ունենում։ Ըստ Սերժ Սարգսյանի՝ պետք է փնտրի իր շրջապատի հանրապետականին։ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ստեփանյանը, սակայն, այդպես չի կարծում. «Ես ԲՀԿ-ական եմ, եթե խնդիր եմ ունենում, միանշանակ դիմելու եմ Գագիկ Ծառուկյանին»։ Պատգամավորը քաղաքացիներին նույնպես խորհուրդ է տալիս դիմել Գագիկ Ծառուկյանին, ոչ թե հանրապետականին. «Գագիկ Ծառուկյանն ասում է՝ ով խնդիր ունենում է՝ դիմեք»։ Ի վերջո ու՞մ դիմեն ԲՀԿ-ականները սողանքի պատճառով բնակարանները կորցնելու սպառնալիքի դեմ հայտնվելու դեպքում։ Հանրապետական պատգամավոր Արմեն Կարապետյանը առաջարկում է դիմել պետական կառույցներին. «Սողանքի պատճառով իրենք կարող են դիմել մարզպետարան, կարող են դիմել քաղաքապետարան»։ ԲՀԿ-ականները հանրապետականի օգնությունն էլ կարող են խնդրել, հանրապետականները չեն մերժի՝ նկատում է պարոն Կարապետյանը։ Բայց ի՞նչ երեսով. «Եթե ըտենց հրատապ հարցեր կան, էստեղ ի՞նչ կապ ունի կուսակցությունը»։ Գագիկ Ծառուկյանն էլ կարող է ասել՝ եթե սողանքի պատճառով տան փլուզման խնդիր եք ունենում, դիմեք ձեր շրջապատի ԲՀԿ-ականին,-ասում է ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը,-տարածքներում միայն հանրապետականներ չեն. «Մենք էլ ունենք համայնքապետեր»։ Հանրապետականները բոլոր խնդիրները չեն կարող լուծել,-նկատում է պարոն Մելքումյանը,-որոշները ԲՀԿ-ն էլ կարող է լուծել։ Նույնիսկ երկուսով չեն կարող ծածկել ամբողջ դաշտը»։ Միքայել Մելքումյանը չի կարծում, թե Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը կոչ էր քաղաքացիներին առ այն, թե ձեր խնդիրներով Գագիկ Ծառուկյանին մի դիմեք, հանրապետականը կա ու կա. «Եթե որեւէ մեկը լուծում է էդ հարցը, փառք ու պատիվ իրանց»։ Մարդու իրավունքների պաշտպանը չի ասի, թե ինչի համար են պետական կառույցները, եթե բոլոր խնդիրների համար պետք է դիմել շրջապատի հանրապետականին։ Բայց հաճույքով կասի, թե ում դիմի քաղաքացին։ «Որեւէ քաղաքացի, որ խնդիր է ունենում, մենք առաջարկում ենք զանգահարել 116, գալ մեր գրասենյակ, եւ մենք միշտ պատրաստ ենք համագործակցելով բոլոր պետական կառույցների հետ լուծել իրենց խնդիրները»,- ասում է ՄԻՊ-ը։