Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ-ն տեխնիկական խնդի՞ր է (տեսանյութ)

Քաղաքականություն
878523ccfbb89f77fe3d7ff61f4e9ef1

ՀՀ ԱԳՆ-ն 2013թ. ստացել ու ծախսել է 11 մլրդ 792 մլն դրամ: ԱԺ-ում այսօր նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկմանը պատգամավորներին ավելի շատ հետաքրքրեց ոչ թե թվային ցուցանիշը, այլ այսօր տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստը, որի ժամանակ Սերժ Սարգսյանը ժամանակ է խնդրել մինչեւ հունիսի 15- ը՝ փաստաթղթի ստորագրման համար: ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը հետաքրքրվեց՝ ՀՀ-ն չի ստորագրել պայմանագիրը, քանի որ կան վիճահարույց հարցեր. «Որո՞նք են այդ վիճահարույց հարցերը, բացի այդ՝ ԼՂՀ սահմանի հետ կապված ՄՄ քաղաքականությունն ինչպե՞ս է լինելու ըստ այդ պայմանագրի: Հիշեցնեմ, որ այսօր Ղազախստանի նախագահ Նազարբաեւը ասել էր, որ այդ առումով կան խնդիրներ ՀՀ-ի՝ ՄՄ-ին միանալու հետ կապված»: ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը հայտարարեց, որ երբեւիցե ու որեւէ տեղ ֆիքսված չի եղել, որ հենց այսօր պետք է ստորագրվի պայմանագիրը ՀՀ կողմից. «Կոնցեպտուալ հարցերին չեն վերաբերվում առկա խնդիրները, ու կան հարցեր, որոնք տեխնիկապես մինչեւ վերջ չենք հասցրել համաձայնեցնել, առաջիկա մի քանի օրվա ընթացքում կհասցնենք դա էլ անել»: Թե Նազարբաեւի ասածները, թե բոլոր տարաձայնությունները, որոնք այսօր կան, տեխնիկական բնույթի են»: Վահան Բաբայանը նկատեց. «ԼՂՀ խնդիրը դուք տեխնիկակա՞ն եք համարում: Ես կարծում էի՝ այն քաղաքական խնդիր է: Ինչպես հասկանում եմ՝ դուք կոնկրետ չեք ցանկանում պատասխանել հարցերին»: ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը եւս, հակադարձելով փոխարտգործնախարարին, նկատեց, որ պատգամավորներից ոչ մեկն էլ քաջատեղյակ չի եղել այսօրվա նիստի մանրամասներից, թե ինչ է կատարվում ՄՄ-ում. «Միգուցե տաք ֆորմատով պայմանավորվենք, հանդիպենք, քննարկենք՝ ինչ է կատարվում: Մենք էլ լրագրողներից ենք իմանում՝ ինչ է կատարվում»: Պարոն Արզումանյանն անդրադառնալով նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին՝ հիմնական շեշտադրումն արեց ընտրված խորհրդանիշի վրա. «Այդքան գումարներ են ծախսվել այդ խորհրդանիշի համար, ու արդյունքում պարզվում է, որ դա գրագողություն էր՝ օգտագործվել է ռուսական մի կազմակերպության լոգո»: Սերգեյ Մանասարյանը հավաստիացրեց՝ ԱԳՆ-ն որեւէ կերպ ընդգրկված չէ խորհրդանիշի ստեղծման գործում. «Դա եղել է հանձնաժողովի որոշմամբ, որի անդամ, թեեւ, ԱԳՆ-ն կա, սակայն խորհրդանիշը տեսել է մյուսների հետ միասին»: Այս փաստը զարմացրեց պարոն Արզումանյանին. «Եթե դուք էլ եք լրատվամիջոցներից տեղեկանում, ապա ինչո՞ւ ենք գումարներ ծախսում ու ԱԳՆ պահում. մի լրատվամիջոց կպահենք ու ամեն ինչ կիմանանք իրենցից»: