Շոկոլադե «պուտիններից» մինչև «Շոկոլադե արքա» (տեսանյութ)
Հեղափոխությունը Ուկրաինային տվեց «Շոկոլադե արքա» և շոկոլադե «պուտիններ»։ Մինչ ուկրաինացիները համտեսում էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կերպարանքով պատրաստված շոկոլադները, իրական «Շոկոլադե արքան» հասցրեց զբաղեցնել այդ երկրի առաջին դեմքի աթոռը; Հայտնի գործարար, միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն, ով «Ռոշեն»-ի սեփականատերն է, նախնական տվյալներով՝ հաղթեց նախագահի ընտրություններում: Forbes-ը «Շոկոլադե արքայի» կարողությունը գնահատել է 1,3 մլդ դոլար, Ուկրաինայի օլիգարխների շարքում նա իր կարողություններով 7-րդն է: Պորոշենկոն հայտնի է ոչ միայն իր քաղցր բիզնեսով, այլ նաև ակտիվ քաղաքական անցյալով։ Նա միշտ կանգնած է եղել ուկրաինական հեղափոխականների կողքին։ Նարնջագույն հեղափոխություն և Մայդան, այստեղ միլիարդատերն իր փողերը չի խնայել։ Տիմոշենկոյի կառավարության տարիներին նա եղել է էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարար։ Նրա երեխաների կնքահայրն է Վիկտոր Յուշչենկոն, ընտրություններում նրա հակառակորդը Տիմոշենկոն է, մտերիմ ընկերներից մեկը՝ Վիտալի Կլիչկոն։ 48-ամյա գործարարն ընտրվելուց առաջ խոստացավ ավելի սերտացնել Եվրամիության հետ հարաբերությունները, հաստատել խաղաղություն երկրի արևելյան շրջաններում և հայտարարեց, որ պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ՝ միաժամանակ առաջնահերթությունը համարելով Ղրիմը վերադարձնելը: Պորոշենկոն կփորձի Ուկրաինան դարձնել Եվրամիության անդամ, թեև մոտ ապագայում դա տեսանելի չէ՝ Կարծում են քաղաքագետները: Նա չպետք է կրկնի Միխայիլ Սահակաշվիլիի սխալները` երկիրը վերջնականապես մեկուսացնի Ռուսաստանից: Մանրամասները՝ տեսանյութում քիչ անց։