Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարբած հանրապետականներին նկատել էր նույնիսկ կոալիցիոն գործընկերը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
a8285bcc244ac8659d11f498832b9e25-472x265

Հովիկ Աբրահամյանը իշխանության միակ մարդը չէ, որ պետք է գետինը մտնի կառավարության ծրագրի երեկվա քվեարկությունից հետո՝ ասում է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը. «Թող գետինը մտնեն Սերժ Սարգսյանից սկսած բոլորը»։ Լեւոն Զուրաբյանը պարզաբանում է՝ կառավարության ծրագրի երեկվա քվեարկության ժամանակ երեք հանրապետական սեղմեց ուրիշի կոճակը, երկուսը թունդ հարբած էին, իսկ մեկին գողացել էին «Օրինաց երկրից»։ Նշանակում է, այլեւս ռեսուրս չունեն. «Դուք տեսե՞լ եք նման բան, որ արդեն հարբած պատգամավորներին ստիպված լինեն պեղել, քերել- բերել քվեարկության, չեք տեսել»։ «Ո՞վ էր հարբած»,-զարմանում է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ինքը դահլիճում էր եւ ոչ մի հարբած մարդ չի տեսել։ Նշանակու՞մ է, որ ամբողջ խմբակցությունն էր հարբած ծրագրի քվեարկության ժամանակ. «Եթե ծրագրից հետո լիներ, կարելի էր ինչ-որ ենթադրություններ անել, բայց ծրագրից առաջ մենք սթափ ենք ընդհանրապես եղել»։ Հարբած հանրապետականներին նկատել էր նույնիսկ նրանց վերջին 6 տարիների կոալիցիոն գործընկերը՝ «Օրինաց երկիրը»։ Նրանք այսօր ասում են՝ մեծամասնական ընտրակարգը հենց դրանով է վտանգավոր։ «Համամասնական ցուցակով հարբեցողներ չեն գա Ազգային Ժողովի դահլիճ»,- ասում է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։ Հարբեցող հանրապետականները «Ժառանգության» թեման չէին, բայց առանց նրանց էլ, ըստ Ռուբեն Հակոբյանի, Հովիկ Աբրահամյանը երկար դիմանալ չի կարող, իր անձով է այսօր կառավարությունը կենսունակ, բայց դա ռեսուրս չէ, շուտով հրաժարական է տալու։ «Կամ ուղղակի իրեն կասեն հրաժարական տուր, եւ ինքն էլ կլսի հորդորը ասողների»,- նշում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։ «Նախ ինչու հրաժարական տվեց նախորդ վարչապետը,-սրա պատասխանը դաշնակցական Արմեն Ռուստամյանը չունի՝ գնահատեք, առաջ գնանք, եթե չեք գնահատում, նշանակում է տարբերությունը մեծ չի լինելու նախորդ եւ ներկա կառավարությունների միջեւ,- 100 օրից հետո գնահատելու մի փուլ կարող է առաջանալ»։ Արմեն Ռուստամյանը դեռ հույս ունի, որ պարոն Աբրահամյանի կառավարությունը ծրագիրը կիրականացնի, ինքը ճանաչում է Հովիկ Աբրահամյանին եւ նախարարների մի մասին, նրանք պատասխանատվության զգացում ունեն, չարժե, որ ձախողեն. «Ինչ-ինչ, բայց ձախողումների հետեւանքները կրում են բոլորը, այդ թվում ընդդիմությունը, հասարակության բոլոր անդամները»։ ԲՀԿ-ն էլ է պատրաստ ժամանակ տալ Հովիկ Աբրահամյանին։ Բայց ուզում է, որ նրա կառավարությունը որոշումների վրա 50 տոկոս ազդեցություն ունենա։ Ըստ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի՝ «եթե չունենա էդ ազդեցությունը, կարծում եմ, շատ տխուր ավարտ կունենա»։