Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապօրինի որս եւ խրախճանք Խոսրովի արգելոցում (տեսանյութ)

Հասարակություն
8c4a5024786f35b53c67dba8a57e8e93

«Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության անդամները սեպտեմբերի 18-ին արշավի են գնացել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Կաքավաբերդի տեղամաս։

Նրանք հայտնաբերել են խարույկի հետքեր, խորովածից հետո մնացած կենցաղային աղբ, օղու դատարկ շշեր, մի քանի կենդանու մասնատված (մորթված) դիակներ, կենդանիներին ծառից կախելու երկաթե պարան (հարմարանք): Մասնավորապես, հայտանաբերվել են նապաստակի, կովկասյան գորշ արջի, բեզոարյան այծի դիակի մնացորդներ, տարածքում տիրել է անտանելի գարշահոտություն:

Ըստ նախաձեռնության՝ ակնհայտ է,որ տեղի է ունեցել Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիների ապօրինի որս և ռեժիմի խախտում, ինչը քրեորեն հետապնդելի արարքներ են և առաջացնում են քրեական պատասխանատվություն:

«Այն, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի Կաքավաբերդ տեղամասի ղեկավարն իր վրա դրված պարտավորություններն ու լիազորությունները պատշաճ չի իրականացրել, ցուցաբերել է բացահայտ անգործություն, դա արդեն փաստ է:

Տեսանյութից ակնհայտ երևում է, որ «հյուրերն» իրենց զգացել են ինչպես իրենց տանը և արդյունքից կարելի է եզրակացնել, թե որքան ժամանակ են նրանք անցկացրել Խոսրովի արգելոցի Կաքավաբերդ տեղամասում:

Այն թույլ է տալիս, մեզ արձանագրելու, որ այս ամենը կատարվել է և շարունակվում է կատարվել և´ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի, և´ Խոսրովի անտառ» պետական արգելոցի Կաքավաբերդ տեղամասի տնօրինության լուռ համաձայնությամբ և չի բացառվում նրանց անմիջական մասնակցությամբ, և´ ՀՀ պետական լիազոր մարմին հանդիսացող ՀՀ բնապահպանության նախարարության թողտվությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հուլիսի վերջին Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հայտարարել է, որ որևէ մեկն իրավուք չունի մուտք գործել Խոսրովի արգելոցի տարածք, առանց իր թույլտվության։

Իսկ այնտեղ կառուցվող շինության վերաբերյալ նա նշել էր, թե  այն պետք է ապամոնտաժվի, հակառակ դեպքում ՀՀ բնապահպանության նախարարությունը կդիմի դատարան ընդդեմ այդ շինությունը կառուցող «Հովազաձոր» ՍՊԸ-ն, ներկայումս նրանք բանակցությունների մեջ են և ժամանակ խնդրեց՝ մինչև ս. թ. սեպտեմբեր:

«Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնությունը արձանագրում է՝ սայլը տեղից չի շարժվել, շինությունը շարունակում է կանգուն մնալ արգելոցի տարածքում:

 

Լուսանկարները՝ Եղիա Ներսեսյանի