Ուշացումով բացահայտում (տեսանյութ)

Երևանյան արվեստասեր հանրությունը ուշացումով բացահայտեց Հովհաննես Տեր-Թադևոսյան-նկարչին:

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց Հովհաննես Տեր-Թադևոսյանի աշխատանքների ցուցադրությունը ազգային պատկերասրահի և նկարիչ-վերականգնող Գագիկ Ամիրխանյանի մասնավոր հավաքածուներից: Նկարների մեծ մասը ցուցադրվում էր առաջին անգամ:

Նա ծնվել է Երևանում 1889-ին, սովորել` Թիֆլիսի Գեղարվեստի ակադեմիայում, հետո էլ` Մոսկվայում: Ապրել ու ստեղծագործել է Ուզբեկստանում : 1921 թվականին Մոսկվայից գործուղվել է Երևան` հիմնադրելու Գեղարվեստա-տեխնիկական դպրոցը, որը վերաճեց գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանի /”Գեղարդ”/ ու վերանվանվեց Թերլեմեզյանի անվան:

Արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը ցավով նշեց, որ անցյալ դարասկզբի 20-ակաների մեր քաղաքի պատկերները մեզ ժառանգություն թողած բնիկ երևանցին թե ճակատագրի բերումով չհայտնվեր Միջին Ասիայում, Հայաստանում համաժողովրդական ճանաչում կունենար: Այնինչ լինելով Ուզբեկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ` Հայաստանում վաստակավորի կոչում անգամ չստացավ:

Նկարիչ Սարո Կալենցի համոզմամբ` արվեստը օդի մեջ չի ստեղծվում: Նա անպայման ունի իր տակի շերտերը, որի վրա պետք է հենվել ու գնալ առաջ: Այս էջն էլ, որ մեզ կարծես թե ծանոթ չէ, հայ արվեստի այդ հիմքերից է:

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Հովհաննես Տեր-Թադևոսյանի նկարներում կարևորեց հարուստ ազգագրական նյութի առկայությունը, ու նաև գեղարվեստականի մեջ վավերագրականի արձանագրումը:

Հատկապես Երևանի այն թաղամասերի և հուշարձանների, որոնք վաղուց արդեն պատմություն են: