Դեռ մեր ծրագրերի շարունակությունն եմ տեսնում. ՀՀԿ-ական (տեսանյութ)
Գործող իշխանությունների կողմից «Քաղաքացու օր» տոնի հաստատման մտադրության կապակցությամբ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանն ասաց, որ միամիտ մտածողության արդյունք է, իսկ բոլոր օրերը Հայաստանում քաղաքացու օր են: «Բնականաբար ծիծաղելի բան է: Քաղաքացու օր չի լինում: Էդպես, որ լինի, երբեմն, կարելի է գյուղացու օր հայտարարել, տենց հերթականությամբ գնալ»,- ընդգծում է նա՝ հավելելով, որ ժողովուրդը ոչ բոլոր տոներն է ընդունում և դա ոչ իշխանության, ոչ էլ ընդդիմության ասելով է: «Իհարկե չեմ նշի, որովհետև ամեն օր քաղաքացու օրն է»,- պատասխանեց Սահակյանը ապագա տոնը նշել-չնշելու կապակցությամբ: ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար, ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանը նույնպես այն կարծիքին է, որ տարվա յուրաքանչյուր օրը քաղաքացու օրն է, իսկ տնտեսական հեղափոխություն կատարող կառավարությունը պետք է ավելի շատ զբաղվի տնտեսական վերափոխումներով և ոչ թե անվանակոչումներով: Բաղդասարյանը դեռևս տնտեսական հեղափոխությունը չի տեսնում: «Երբ որ տեսնեմ, դրա մասին կբարձրաձայնեմ: Դեռ մեր ծրագրերի շարունակությունն եմ տեսնում»,- շեշտում է նա: Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը, լրագրողի՝ իշխանությունների կողմից կոռուպցիոն բացահայտումների հետ կապված հարցին, պատասխանեց, որ եթե կոռուպցիոն բացահայտումներ լինեն, պատրաստ են բացահայտումներին հստակ պատասխաններ տալ: