Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զրոյական հաշվետվության հրապարակման արժեքը գերազանցում է 30 000 դրամը

Քաղաքականություն
Sahmanadrutyun2

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՆ ՀՀ ԱԺ ՊԵՏԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ «ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՑ                                                          Բաց նամակ   Հարգելի՛ պարոնայք Արտակ Զեյնալյան և Վլադիմիր Վարդանյան. Ձեր ուշադրությունն եմ հրավիրում օրենսդրական բացին, որ կա կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ներկայացման կարգում։ Միաժամանակ ակնկալում եմ ձեր միջամտությունը խնդիրն արդար ու օրենքին համապատասխան կարգավորելու համար։ Դա ոչ միայն «Անկախ Հայաստան» կուսակցությանն է վերաբերում, այլև՝ ՀՀ-ում գործող բոլոր կուսակցություններին, հատկապես՝ ֆինանսական ելքեր ու մուտքեր չունեցողներին։ Այսպես ուրեմն, «Կուսակցությունների մասին ՀՀ սահմանադրական օրենք»-ի պահանջով կուսակցությունները տարեկան հաշվետվությունները պարտավոր են հրապարակել նաև պաշտոնական ծանուցումներին azdarar.am էլեկտրոնային կայքում։ Այս կայքում, կառավարության սահմանած կարգին համապատասխան, հայտարարությունը տեղադրվում է անվճար, եթե կա տվյալ հայտարարությունը նաև մամուլում հրապարակելու օրենսդրական պահանջ։ «Կուսակցությունների մասին ՀՀ սահմանադրական օրենք»-ի 27-րդ հոդվածում կա պահանջ, որ կուսակցության տարեկան հաշվետվությունը պետք է հրապարակվի ԶԼՄ-ներում։ Հիմա azdarar.am-ում հրաժարվում են անվճար տեղադրել հայտարարությունն՝ ասելով, թե կուսակցությունների մասին օրենքը պահանջում է ոչ թե մամուլում հրապարակել հաշվետվությունն, այլ՝ ԶԼՄ-ներում, ինչն, իրենց գնահատմամբ, նույն բանը չէ։ Հարցի 2-րդ կողմը կա։ Եթե որևէ կուսակցություն, օրինակ, մեր կուսակցությունը, երբեք չի ունեցել սեփական գույք, երբեք չի ունեցել ֆինանսական ելքեր, հետևաբար և չի կատարել ծախսեր, ինչպե՞ս կարող է հաշվետվության հրապարակման համար վճարել երեսուն հազարից ավելի գումար (այստեղ նշեմ, որ գումարի չափն էլ ձևավորվում է դրանում առկա նիշերի քանակից, զրոյական հաշվետվությունների դեպքում դա մի քանի էջից բաղկացած ձևաթղթում առկա տառերն են. եթե գոնե միայն մեր գրածը, լրացրածը հաշվեին, մոտ 2 000 դրամ կկազմեր)։ Իրավո՞ւնք ունի ծախս անել այն իրավաբանական անձը, որը գումար չունի, նորմա՞լ է, որ ինչ-որ մեկն «իր գրպանից» վճարի այդ գումարը։ Բայց չէ՞ որ այդ գումարը վճարելու համար պետք է հաշվապահական ձևակերպում անել, հաջորդ տարվա հաշվետվությունում դա ներկայացնել։ Ուրեմն, մուտքեր չունեցող իրավաբանական անձը պետք է նաև հաշվապա՞հ պահի։ Որտե՞ղ է տրամաբանությունը։ Եվ վերջապես, խնդրին վերաբերող ամենազավեշտալի դրվագը։ Զրուցում եմ Իրավաբանական անձանց պետռեգիստրի պատասխանատուների հետ, կուսակցությունների հաշվետվությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնող ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության պետի հետ, այդ մարդիկ ևս ընդունելով, որ կա խնդիր, նաև արձանագրում են, որ կա օրենսդրական բաց, և չկա կուսակցությունների լուծարման գործող կարգ։ Ուրեմն, ըստ սահմանադրական օրենքի՝ եթե կուսակցությունն ԱԺ 2 ընտրության անընդմեջ չի մասնակցում, պետք է լուծարվի։ Պարզվում է՝ լուծարման կարգ սահմանված չէ, և հնարավոր չէ կուսակցությունը լուծարել։ Պարզվում է՝ կուսակցությունը չենք կարող նաև ինքնալուծարել՝ նույն պատճառով. լուծարման ընթացակարգը սահմանված չէ։ Պատկերացնո՞ւմ եք՝ կուսակցությունում այլևս չկա այնքան անդամ, որը պահանջվում է օրենքով, կուսակցությունն այլևս մարզերում չունի կառույցներ։ Փաստացի, ըստ օրենքի, կուսակցությունը գոյություն չունի, բայց լուծարել չենք կարող։ Այլևս գոյություն չունեցող «բանը» պետք է համարվի իրավաբանական անձի կարգավիճակով գոյություն ունեցող և ամեն տարի պետք է բյուջեին վճարի 30 000 դրամից ավելի գումար։ Չվճարելու, հաշվետվություն չներկայացնելու դեպքում էլ կարող են վարչական պատասխանատվության ենթարկել՝ տուգանել։ Հարգելի՛ պարոնայք Վարդանյան և Զեյնալյան, հաշվի առնելով վերը շարադրվածը, առաջարկում եմ. ա) Եթե համաձայն եք, որ «ԶԼՄ-ներում հրապարակել» և «մամուլում հրապարակել» հասկացություններն իրարից շատ տարբեր չեն, համապատասխան գրությամբ azdarar.am-ի տնօրինությանը ներկայացնեք մեկնաբանությունն ու հրահանգեք, որ կուսակցությունների հաշվետվություններն ընդունեն անվճար։ բ) Հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ և օրենքի ձևակերպումը համապատասխանեցնել անվճար ծանուցումներ հրապարակելու՝ կառավարության սահմանած կարգին կամ կառավարության որոշման մեջ համապատասխան ուղղում անել։ Համենայն դեպս, դա պետք է անել հնարավորին արագ, քանի որ ըստ օրենքի 2018-ի հաշվետվությունը azdarar.am-ում պետք է հրապարակվի մինչև 2019-ի մարտի 25-ը, իսկ ներկայացնել անհրաժեշտ է ոչ ուշ քան հրապարակման համար պահանջվող վերջին օրվանից 2 աշխատանքային օր առաջ։ Ստացվում է, որ ամենաուշը մարտի 21-ին հայտարարությունը պետք է հանձնել azdarar.am։ Ուրեմն հնարավոր օրենսդրական փոփոխությունը պետք է գոնե այդ պահին ուժի մեջ լինի։ գ) Կառավարության կարգում սահմանել, որ azdarar.am-ում պարտադիր հրապարակման ենթական բոլոր զրոյական հաշվետվությունները հրապարակվեն անվճար։ դ) Նախաձեռնել կուսակցությունների լուծարման ընթացակարգի ընդունումը։   Հարգանքներով՝ «Անկախ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Վարդան Վարդանյան     

  1. 01. 2019թ.
Հ.Գ. Մինչ 2018-ի հունվարի 1-ը կուսակցությունների տարեկան հաշվետվությունները azdarar.am-ը հրապարակում էր անվճար։ Ենթադրելի է, որ 2017-ի նոյեմբեր-դեկտեմբերին ինչ-որ մի չինովնիկի ուղեղի փայլատակում է եղել, թե կարելի է օրենքի ու կառավարության կարգի սահմանումներում առկա եզրերի ձևակերպումների տարբերությունն օգտագործել ու կուսակցություններից փող վերցնել հաշվետվությունները հրապարակելու համար։ Եվ ոչ մեկի մտքով չի անցել հաշվարկել, որ այդ կերպ մի քանի տասնյակ կուսակցության վատություն կարվի, անհարմարություն կպատճառվի, բայց բյուջեին օգուտ չի տրվի, քանզի ամբողջ պետության մի ողջ տարվա բյուջեի համար բոլոր կուսակցություններից գանձնվող միասնական գումարը չնչին մի բան է՝ մոտ 4 մլն դրամ։ Այս համատեքստում մի առանձին խնդրանք արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին։ Հայտնաբերեք այդ չինովնիկին, ու եթե նա դեռ պաշտոնավարում է, զգուշացեք նրա խորհուրդներից, աշխատեք չօգտվել նրա ծառայություններից։