Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նարինե Միքայելյանն Արցախից ԵՊԲՀ  եկավ դեղագետ դառնալու երազանքի հետևից

Հասարակություն
bjshkuhi

32-ամյա Նարինե Միքայելյանն այս ուսումնական տարվանից Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի առաջին կուրսի կլինիկական օրդինատոր է դեղագիտություն մասնագիտությամբ: Արցախի պետական համալսարանի շրջանավարտը տասը տարի առաջ է մասնագիտացել դեղագործական քիմիայի ոլորտում, սակայն ֆիզիկական սահմանափակ կարողությունների պատճառով (Նարինեի մոտ ի ծնե ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված) համապատասխան աշխատանք չգտելը և տարիների դադարի ընթացքում մասնագիտական բացերը լրացնելու մեծ ցանկությունը նրան կրկին բերեցին բարձրագույն ուսումնական հաստատություն, սակայն այս անգամ ծննդավայրից հեռու Երևանում: Դեղագետ դառնալը ԵՊԲՀ սովորողի մեծագույն ցանկությունն է: Անցած տասը տարիների ընթացքում նա ուժերը փորձել է նաև դիզայնի և այլ բնագավառներում, բայց հասկացել է, որ, իր իսկ բնորոշմամբ ասած, սպիտակ խալաթ կրելու գրավչությունը առաջնահերթություն է: Քսանյոթ տարի Արցախում ապրելուց հետո ընտանիքի հետ Նարինեն տեղափոխվել և հաստատվել է Վանաձորում: Պատմում է, որ իր բնածին հիվանդությամբ պատճառով շատ է եղել Երևանում և առնչվել բժիշկների ու բժշկական միջավայրի հետ, և սերը դեպի այս մասնագիտությունը ձևավորվել է վաղ տարիքից: Որպես մասնագիտացում ընտրել է դեղագործությունը, ոչ թե կլինիկական մեկ այլ ուղղություն, քանի որ իր կարծիքով դա ավելի հարմար է իր հնարավորություններին: Ութերորդ դասարանից հետո Նարինեն ենթարկվել է վիրահատության, ինչի արդյունքում բարելավվել են հենակի օգնությամբ շարժվել կարողանալու հնարավորությունները:  Միայն 8-րդ դասարանից հետո է ապագա դեղագետը տնային պայմաններում կրթություն ստանալը փոխարինել դպրոց հաճախելով: 1993 թվականին նա Արցախյան գոյամարտում կորցրել է հորը: Չնայած տարատեսակ դժվարություններին, որոնք պայմանավորված են նաև իր ֆիզիկական սահամանափակ կարողությունների հետ, նա ունի ուժեղ կամքի ուժ և նպատակասլացություն: Իր մասին խոսելիս ընդգծում է, որ ոչ միայն որոշակի ֆիզիկական սահմանափակումներ ունեցող, այլև լիարժեք առողջ մարդու կյանքում կարևոր է, որ չստեղծվեն արհեստական խոչընդոտներ , և այս հարցում առավել քան կարևոր է ծնողի դերը: Նա անչափ շնորհակալ է իր մայրիկին, ով վաղ տարիքից փորձել է ամեն ինչ անել, որպեսզի Նարինեն իրեն զգա հասարակության լիարժեք անդամ, ստանա բարձրագույն կրթություն, հետաքրքրությունների լայն շրջանակ ունենա: Նարինեն հիշում է առաջին մուտքը բժշկական համալսարան՝ նշելով, որ նոր փոփոխություններն առանց վախերի ուղեկցության չեն եղել: Հոկտեմբերի վերջից կարճ ժամանակ է անցել, բայց Նարինե Միքայելյանը խոստովանում է՝ անակնկալի է եկել թե՛ դասախոսների, թե՛ սովորողների ջերմ ընդունելությունից, վերաբերմունքից, ինչը նրան ավելի է ոգևորել լավ սովորելու հարցում: ԵՊԲՀ շրջանավարտ է նաև Նարինեի հարազատ քույրը, ով այժմ աշխատում է որպես ռենտգենաբան: Կլինիկական օրդինատորն իր օրինակով վստահեցնում է, որ սեփական ուժերին հավատալու դեպքում հնարավոր է հասնել հաջողությունների և չկոտրվել դժվարությունների պատճառով: Ուսումնառության ավարտից հետո նա ջանք չի խնայի, որպեսզի ունենա լավ աշխատանք, և ամենակարևորը՝ օգտակար լինի մարդկանց: