ՀՅԴ-ն դեմ է սուպերվարչապետությանը
ՀՅԴ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի միայնակ: Երեւանի ավագանու ընտրությունների անցողիկ շեմը չհաղթահարած կուսակցությունը, պատգամավոր Արմինե Կյուրեղյանի վստահեցմամբ՝ աթոռներ կունենա խորհրդարանում: «Բոլոր ուժերը, որոնք չեն հավաքել բավարար ձայներ նախորդ ընտրություններում, նրանցից ոչ մեկը չի խոսում այդ կուսակցությունների անցնել- չանցնելու հավանականության մասին, որովհետեւ ՀՅԴ այն ուժն է, որ կայուն է եւ իր տեղն ունի երկրի կառուցման գործում: Եթե մենք գնում ենք ընտրությունների, նշանակում է շանսեր տեսնում ենք»: Պատգամավորը չի բացառում, որ որոշ հարցերում ՀՅԴ-ն կլինի կառուցողական ընդդիմություն: «Ընդդիմություն լինելը ինքնանպատակ չէ, այն մերը չէ, մենք եղել ենք կառուցողական ընդդիմություն կոնկրետ հարցերում: Մեզ համար մտահոգիչ է երկրում միակուսակցականության հաստատումը»: ՀՅԴ-ն դեմ է սուպերվարչապետությանը, նրանք այդ հարցը քննարկել են նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: «Սկզբունքորեն նա դեմ չէ, բայց ոչ հիմա»: Պատգամավորը հույս ունի, որ ընտրություններն այս անգամ չեն կեղծվի: «Մեծ մասը ձայների կգնա «Իմ քայլը» դաշինքին, ես մտահոգություն ունեմ մեկ դաշինքին մենաշնորհ տալը ինչ հետեւանքներ կունենա: Ոչ մեկը չի կարող երաշխավորել, որ պետական լծակները չեն կարող օգտագործվել»: Արմինե Կյուրեղյանը հանրությանը կոչ է անում սթափ մտածել եւ ձայն չտալ միայն մեկ կուսակցությանը: «Մենք ուզում էինք ազատվել Սերժ Սարգսյանի՞ց, թե՞ մեկ կուսակցությունից, եթե մենք մեկ կուսակցությունը փոխարինենք մեկ ուրիշով, արդյո՞ք էական փոփոխություններ կունենանք»: ՀՅԴ-ին վերապահումներ ունի ԱԺ ներկայացված նոր ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ: Կուսակցությունը երեք կարեւոր դրույթ է առանձնացրել, որոնք ուզում են լինի նախագծում։ Թեկնածուների ցուցակները պետք է բաց լինեն, ինչը հնարավորություն կտա ընտրել ոչ միայն կուսակցությունը, այլ թե այդ կուսակցությունից հատկապես ով պետք է մանդատ ստանա: ՀՅԴ-ն առաջարկում է մանդատների առավելագույն շեմը 2/3-ից իջեցվի 3/5-ի: 3-րդ կետով Դաշնակցությունն առաջարկում է արձանագրել ոչ միայն ընտրական կեղծիքները, այլեւ դրանց ծավալը: Չնայած այս առաջարկները մերժվել են կառավարության կողմից, բայց ԱԺ-ում ՀՅԴ-ն պնդելու է իր տեսակետը: