Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ-ի վճիռը կասկածի տակ է դնում ոստիկանության գործողությունները. Իրավաբան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
pastaban-xazaryan

Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ-ի հրապարակված վճիռը կասկածի տակ է դնում 2008-ի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության գործողությունները: Այս մասին «Ա1+»-ին ասաց փաստաբան, մարդու իրավունքների հարցերով փորձագետ Արա Ղազարյանը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը, որով ճանաչվել են դիմողի իրավունքների խախտումները: Իսկ կառավարության բոլոր փաստարկները մերժվել են: «Սաղաթելյանի վճիռը համապարփակ, էնցիկլոպեդիկ բնույթի վճիռ է, այն կասկածի տակ է դնում մարտի 1-ի վաղ առավոտյան տեղի ունեցած ոստիկանության օպերացիան, արձանագրվել է նյութաիրավական խախտում, հաստատվել է, որ ոստիկանությունը կիրառել է անհամաչափ ուժ: Նշվում է, որ Եվրադատարանում կառավարությունը չի ներկայացրել մարտի 1-ի գործով որևէ հետաքննության արդյունք, իրենց փաստարկները հիմնված չէին մարտի 1-ի դեպքերով որևէ քննության վրա, այսինքն` այստեղ ուզում է ասել, որ քննություն ընդհանրապես չի իրականացվել: Մարտահրավեր է այս վճիռը, այսինքն՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն հիմնավորվեց, որ ոստիկանության օպերացիան անօրինական էր», - պարզաբանեց իրավաբանը: Միաժամանակ նա նշեց, որ ոստիկանության գործողությունների անօրինականությունը հաստատվում է այնքանով, որքանով դա վերաբերում է Սաղաթելյանի գործին, քանի որ դա անհատական գանգատ էր: Ղազարյանի խոսքով, ՄԻԵԴ-ի վճիռներն ազդելու են դեպքի քննության վրա: Իրավաբանը նաև նշեց, որ իր կարծիքով, Եվրոպական դատարանի նմանատիպ վճիռները կարող են տասնյակ մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկելու խնդիր առաջացնել, իսկ դա իրավական  համակարգի ցնցումների է բերելու: Հիշեցնենք, որ Մուշեղ Սաղաթելյանը ներքին գործերի նախարարության կալանավայրերի վարչության նախկին պետն է, ներգրավված էր 2008 թվականին ընդդիմության պայքարին, 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձն էր։ Մարտի 1-ի դեպքերից հետո նա դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, 2010 թվականին վաղաժամկետ ազատվել էր: Եվրադատարանը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը 15 հազար 600 եվրո վճարել տուժողին բարոյական վնասի, ինչպես նաև 5 հազար եվրո՝ դատական ծախսերի համար: