Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ-ը հրապարակել է առաջին վճիռները
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քիչ առաջ հրապարակել է Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը : Ըստ փաստաբան Վահե Գրիգորյանի՝ ՄԻԵԴ-ն այս վճռով ուղղակի ոչնչացրել է 2008թ․-ի մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ մինչ այսօր գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների կողմից հայաստանյան եւ միջազգային հանրությանը հրամցված վարկածը։ Դատարանը ճանաչել է դիմողի բոլոր իրավունքների խախտումները, որոնք ներկայացված են եղել Դատարանին։ Կառավարության բոլոր փաստարկները մերժվել են։ «Այս վճռով քաղաքական զգայունության եւ կարեւորության գործերով Հայաստանում արդարադատության համակարգի գոյության վերաբերյալ պատրանքն էլ է ցրվել,- ասում է փաստաբանը՝ եզրակացնելով,-այլեւս ակնհայտ է, որ անցումային արդարադատության գործընթացի նախաձեռնումն այլեւս ոչ միայն ներքին պահանջարկի, այլ նաեւ միջազգային իրավունքի թելադրանք է Հայաստանի համար։ Այսօր կայացված վճռով այն փաստացի սկսվում է»։ Եվրադատարանը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը 15 հազար 600 եվրո վճարել տուժողին բարոյական վնասի, ինչպես նաև 5 հազար եվրո՝ դատական ծախսերի համար: Եվրոպական դատարանը հրապարակել է նաև ակտիվիստ Վարդգես Գասպարիի բողոքի վերաբերյալ վճիռը՝ համարելով, որ խախտել են խոշտանգումներից զերծ մնալու և ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունքները։ Հայաստանի կառավարությանը 4 հազար եվրո պետք է վճարի տուժողին բարոյական վնասի համար: