Սննդամթերքի անվտանգության մասին ինֆորմացիան պետք է կասկածներ չառաջացնի (տեսանյութ)
Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը չնայած երեք ամիս է ղեկավարել այդ կառույցը, սակայն հստակ գիտի, թե սպառողին ինչպես պետք է հասցնել տեղեկատվությունը՝ սննդամթերքի անվտանգության մասին:
Այսօր լրագրողերին նա հայտնեց իր մոտեցումներն այդ հարցի վերաբերյալ:
Ըստ Գրիգորյանի՝ լիազոր մարմնի կողմից հատկացվող տեղեկատվությունը պետք է մանրամասն բացատրել սպառողին, որ նա չվախենա եւ կասկածներ չառաջանան սննդի անվտանգության առումով:
«Գիտեք, երբ տեղեկատվությունը նման կերպով է ներկայացվում, որ հանգիստ եղեք, բան չկա, բայց ժողովրդի մոտ համ վախ է առաջանում, համ կասկած է առաջանում: Դրա համար պաշտոնական կողմը պետք է մի քիչ ուշադիր լինի: Լիազոր մարմինը պետք է ներկայացնի մաքսիմալ որակով ինֆորմացիա: Հակիրճ, բայց բովանդակալից: Պետք է ներկայացվող տեղեկատվությունը ինֆորմատիվ լինի ոչ մասնագետի համար»,-ասաց ԱԱՊԾ նախկին պետը :
Այս օրերին սոցիալական ցանցերում վտանգավոր սննդամթերքի երեք դեպք է բուռն քննարկվում, ասում է Գրիգոր Գրիգորյանը:
«Մեկը ներկրված հավի թեւիկներն էին, որը նախատեսված էր ադյունաբերական վերամշակման համար, բայց չգիտես ինչու վաճառվում էր առեւտրի կենտրոնում, ինչպես նաեւ Կուռնիկով հավի որակի մասին տարածվեց տեղեկություն, եւ վերջին երկու-երեք օրվա տեղեկատվությունը՝ գոմեշի մսի մասին: Այս դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը շատ իրարամերժ է, ընդ որում տարբեր կերպ են վերլուծում եւ ինֆորմացիայի որակը ցածր է:
Կուռնիկով հավի մասին լրատվամիջոցները տարածեցին, որ անորակ միս է, բայց ելնելով պաշտոնական աղբյուրի տեղեկատվությունից եզրակացություն էր արվել, որ ներկրողը դեռ պարզ չի: Այդ նույն ժամանակ համացանցում հայտնվեց գրառում, որ ժողովուրդ ջան հանգիստ եղեք, ոչ մի բան չկա»,-հայտնեց Գրիգոր Գրիգորյանը:
Ըստ Գրիգոր Գրիգորյանի՝ սննդամթերքի վերաբերյալ մատչելի եւ մանրամասն ինֆորմացիայի դեպքում սպառողին հեշտ կլինի կողմնորոշվել եւ որակյալ սննդամթերք ձեռք բերել: