Ինչն է միավորում Պուտինին, Թրամփին, Նիկոլին ու Զարուհուն (տեսանյութ)
Հայաստանում իրականացվում է Հայաստանի և հայության ոչնչացման ծրագիր։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց վերլուծաբան Աշոտ Մանուչարյանը: Ըստ նրա՝ այդ ծրագիրն իրականացնողն առաջին հերթին Հայաստանի իշխանությունն է, բայց նաև հարակից շատ ուժեր կան։ «Ծրագիրը դրսի է, մեզ հետ կապ չունի, բայց կան հավատարիմ զինվորներ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Ծրագիրն իրականացվում է 4 հիմնական գործիքներով։ Առաջինն այն որակի իշխանությունն է, որը ձևավորվել է Հայաստանում, իշխանություն, որը կազմված է հասարակության ամենաստորին շերտերից՝ գող, ավազակ, անբարո։ Երկրորդը՝ ցեղասպան համակարգի ստեղծումն է։ 1915 թվականին այդպիսի համակարգ ստեղծվեց քրդերից և թուրքերից, այժմ նույն համակարգը ստեղծվում է ադրբեջանցիներից: Երրորդ գործիքն արժեհամակրգն է: Մարդկանց մեջ ներմուծում են կեղծ արժեքներ: Բարձրագույն արժեքը հռչակված է փողը: Վերջին գործիքը Ամուլսարն է, որը գործի է դնում Մեծ Բրիտանիան: Բոլոր այն երկրները, որոնց գետերը սկիզբ են առնում Ամուլսարից, հաշիվներ են ներկայացնելու Հայաստանին: Աշոտ Մանուչարյանը, սակայն, փաստում է՝ կա նաև հայություն, որ ամբողջանում է, խորը ընկալումներ ունի աշխարհում տեղի ունեցող երևույթների մասին, և որը ելք է թե՛ մեզ համար, թե՛ մարդկության: «Այդ իշխանությունն է տիրելու Հայաստանում: Իրական ընդդիմադիրները նրանք են, որոնք ասում են՝ վիճակը պիտի փոխվի: Իսկ թե ինչպիսին պիտի դառնա, Թրամփն էլ չգիտի, Պուտինն էլ չգիտի: Դա էլ նրանց թերությունն է մեր Նիկոլ Փաշինյանի և Զարուհի Փոստանջյանի հետ միասին: Պուտինը, Թրամփը, Նիկոլն ու Զարուհին ընդդիմադիրներն են այսօրվա աշխարհի: 4-ին միավորում է մի բան. ոչ մեկ չի պատկերացնում ինչպիսին պիտի լինի ապագա աշխարհը»: