Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր Նորքի ժայռապատկերները վտանգված են (տեսանյութ)

Մշակույթ Հասարակություն
jairapatker-V2

Դեռ 70-ական թվականներին Ուխտասարից Երևան տեղափոխված ավելի քան 4 հազարամյա պատմություն ունեցող բացառիկ ժայռապատկերներն այսօր վտանգի առջև են հայտնվել: Պատմության ինստիտուտի Հին դարերի բաժնի գիտաշխատող, ժայռապատկերաբան Կարեն Թոխաթյանը ահազանգում է, որ ոչ միայն անտեսված է Նոր Նորքի «Տիգրան Մեծ» զբոսայգում գտնվող այս հուշարձանների պատմամշակութային արժեքը, այլ նույնիսկ կարող է դրանց ֆիզիկական ոչնչացում սպառնալ:  «2000-ին սկսեցին տեղադրել այս կրպակաշարի մի մասը, և հավանաբար ժայռապատկերները տեղաշարժել են, 2004-ին ընկերս հայտնեց, որ այստեղ ինչ-որ աշխատանքներ են տարվում։ Եկա, տեսա, որ քարերից մեկը տեղում չէր… Երևում են էլեկտրական շաղափով արված երեք անցք՝ քարը ճեղքելու նպատակով, թե ինչ… Մի քանի կոտրված քար կար։ Ինչո՞ւ են կոտրել քարը՝ անկախ նրանից պատկերակիր է, թե ոչ։ Նաև` որովհետև ցուցանակ չկա։ Էլ չեմ ասում տարածքի աղտոտման մասին… Սա հեգնանք է առաջացնում քաղաքակիրթ զբոսաշրջիկների մոտ և սա կարող են համարել վայրագություն», -նշում է նա։ Այս կույտում 1991 թ. եղած 8-9 ժայռապատկերներից հիմա կարելի է տեսնել միայն մի 4-ը։ Ոչ միայն բացակայում է որևէ ցուցանակ, այլև տարածքն անշուք է: Բանախոսը նշում է, որ պատկերակիր քարերն առհասարակ չէր կարելի տեղափոխել և այն էլ` նման ձևով, իրար վրա տեղադրել. «Այս ժայռապատկերներն իրենց տեղում այդպիսի 3-4 մ բարձրությամբ անկանոն քարակույտերում չեն եղել: Տեղերում դրանք սփռված են գետնի վրա, երբեք իրար վրա չեն գտնվել: Հնարավոր է, որ մի ժայռապատկերը խումբ են կազմել` մեկը մյուսի հետ իմաստային կապ ունեցել… չէր կարելի նրանց պոկել միջավայրից: Մոռացել են այս նշանակալի հուշարձանները, որոնց նկատմամբ այսօր շատ բարձր է հետաքրքրությունը։ Հնագույն անցյալից մեզ հասած միակ պատկերային ժառանգությունն է։ Եվ այսպիսի անուշադրության մատնել չէր կարելի»,– նշում է նա: Պատմաբանը սպասում է,  որ անտեսված ժայռապատկերները համապատասխան վերաբերմունքի կարժանանան: «Ինչևէ, արդեն բերվել են, լեռներ ետ տանելն իմաստ չունի, մանավանդ որ անհայտ է նրանց ճիշտ տեղը… Իսկ լուծումը կարող է լինել ոչ ծախսատար՝ ժայռապատկերները կռունկի օգնությամբ, կաշեփոկերով կարելի է բարձրացնել և դասավորել ծառուղու երկայնքով։ Պետք է լինեն ցուցանակներ… Հայաստան, Երևան այցելող զբոսաշրջիկը կարող է տեսնել քաղաքում տեղադրված այս պատկերները և գնալ Գեղամա լեռներ, Սյունիք կամ Արագած… Մեր ներքին ուժերով պետք է խնդիրը լուծենք»,- ասում է նա: