Փոխադարձ հարվածներ, վիրավորանք՝ Երևանի ավագանու նիստում (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում այսօր իրարանցում սկսեց, երբ Երկիր Ծիրանի խմբակցության անդամները դիմակներ ու ռետինե ձեռնոցներ հագան և բացեցին ապակյա տարաները, որոնք լցված էին կոյուղաջրով ։ Երկիր Ծիրանիի  անդամներն ասացին, որ դա Նուբարաշեն համայնքի բնակիչների նվերն է Տարոն Մարգարյանին։  

Մարինա Խաչատրյանը փորձեց կոյւղաջրով լի սրվակներից մեկը տանել Տարոն Մարգարյանի մոտ, հենց այդ ժամանակ էլ սկսեց հրմշտոցն ու ծեծկռտուքը։  ՀՀԿ-ականների ու Երկիր Ծիրանիի բախման արդյունքում կոտրվեցին բաժակներ, շրջվեցին աթոռներ, լսվեցին ճչոցներ։ 

Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը բռնի ուժով դուրս հանեց ԵԾ անդամ Մարինա Խաչատրյանին՝ կոպտորեն հրելով նրան։

Իդեպ, երբ ԵԾ անդամները հանեցին կոյուղաջրով լի սրվակները, նույն գարշահոտությունը, որը տիրում է Նուբարաշենում՝ արագորեն   տարածվեց  ավագանու նիստերի դահլիճում։ Սրվակներին առավել մոտ կանգնած լրագրողներն ու ավագանու անդամները  չդիմանալով գարշահոտությանը, անմիջապես ծածկեցին դեմքերը։

ՀՀԿ խմբակցության անդամները հավածներով ԵԾ անդամներին դուրս հրավիրեցին դահլիճից։ Այս պահին քաղաքապետարան է ժամանել ոստիկանությունը, նիստն ընդմիջվել է։