Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայ ընթերցողը կողմնորոշված չէ. ինչի մասին խոսես՝ դա էլ կկարդա» (տեսանյութ)

Հասարակություն
Hasmik

 Հայ  ընթերցողը կողմնորոշված չէ։ Գրող Հասմիկ Սիմոնյանը դա հասկացել է, երբ սկսել է աշխատել գրախանութում. «Գալիս ասում են՝ ինձ ժամանակակից արձակ տվեք, ինձ ժամանակակից պոեզիա տվեք։ Որոշ ժամանակ առաջ, երբ ինձ ասեին նման բան, ես չէի հավատա ուղղակի։ Բայց հիմա իմ աչքով տեսածն եմ ասում։ Երբ հարցնում ես՝ ինչ եք կարդացել, չգիտեն։ Ասում են՝ գիտեմ, որ նման բան կա։ Իրենց վերջին իմացած հեղինակները, եթե պոեզիա է Սևակով է ավարտվում, եթե արձակ է՝ մաքսիմում Մաթևոսյան։ Իրենց առաջարկում ես, հարցնում ես մասնագիտությունը, հետաքրքրության շրջանակը, որ մարդուն ի վերջո գրքի բարեկամը դարձնես, ոչ թե թշնամին»։ Գրողի համար անհասկանալի է բեսթսելեր հասկացությունը, երբ տվյալ  ժամանակահատվածում  կոնկրետ գրքի վաճառքի ծավալները կտրուկ աճում են. «Ինչի մասին, որ խոսես, նրանք դա էլ ուզում են։ Երբ ինձ ասում են՝ որ գիրքն է շատ վաճառվում, ես ասում եմ՝ որը որ ներկայացնեմ։ Ես հիմա կարող եմ Ձեզ ներկայացնել այդ գիրքը, ու Դուք հասկանաք, որ այդ գիրքն եք ուզում, ու իր կարիքը իսկապես զգում եք, ես Ձեզ չեմ ստելու։ Ես Ձեզ ներկայացնելու եմ էն, ինչը որ Դուք կուզենայիք, ուղղակի չգիտեիք, որ նման գիրք գոյություն ունի»։ Գեղարվեստական գրքի պահանջարկն ավելի մեծ է։  Թեեւ վերջին շրջանում մեկ այլ միտում է նկատվում։ Գրավաճառ Աննա Ստեփանյանը նշում է. «Հիմա ավելի շատ գեղարվեստական են կարդում ու դրա հետ զուգահեռ կարդում են ժամանակի մոտիվացնող գրքերը, օրինակ՝ բիզնեսի հետ կապված գրքեր կամ տնտեսագիտություն։ Գեղարվեստականները կախված են մարդուց, թե ով ինչ է բաց թողել իր կյանքի ընթացքում»։  Այսօր գիրք գտնելու  համար պարտադիր չէ գրախանութ կամ գրադարան գնալը.  մի քանի րոպե, եւ կարելի է անհրաժեշտ գրականությունը բեռնել ինտերնետից։ «Գրքերն էլեկտրոնային տարբերակով ավելի հեշտ է գտնել։ Իրենց ավելի հարմար է կարդալ հեռախոսով, տրանսպորտի մեջ կամ այլ տարբեր իրավիճակներում, քան գրքով։ Համ էլ լույս ունեն բնականաբար հեռախոսն ու պլանշետը։ Էդ ամեն ինչի հետ մեկտեղ մարդիկ կան՝ ուղղակի ուզում են սեփական գրադարանը հավաքել, սիրում են գրքերի շարքեր ունենալ, անպայման թուղթ են ուզում։ Մարդիկ կան թուղթ են սիրում շոշափել»։ Գրքի ո՞ր տարբերակն  են ընտրում երեւանցիները։ Պատասխանները շատ տարբեր էին։ Դիտեք նաև մեր հարցումը՝ տեսանյութով