Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վանո Սիրադեղյանը չցանկացավ քավության նոխազ դառնալ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
vasak

Երեւի շռայլություն է Վանո Սիրադեղյանի նման մարդ ունենալը Հայաստանի Հանրապետության համար, դրա համար հիմա նա այստեղ չէ: «Ա1+»-ի հետ զրույցում ասում է նրա մտերիմ ընկերներից հայտնի լրագրող, խմբագիր Վասակ Դարբինյանը, որի հետ մտերմությունը սկսվել է դեռ ուսանողական տարիներից: «Ես գրեթե չգիտեմ մարդ, որը ճանաչի Վանոյին ու բացասական վերաբերմունք ունենա. երեւի խիստ անձնական մի բան եղած պետք է լինի, սակայն նրան ճանաչող, իսկապես անկողմնակալ, առաքինի, մեծահոգություն ունեցող մարդիկ բացասական կարծիք ունենան իր մասին, դա ողջամտությունից դուրս է»: Նոյեմբերի 13-ին ՆԳ նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ, գրող Վանո Սիրադեղյանը դարձավ 71 տարեկան: Նրա անունը նաեւ կապվում է քրեական մի շարք հանցագործությունների կազմակերպման եւ իրագործման հետ, որի համար նա ներկայումս միջազգային հետախուզման մեջ է. «Ես համոզված եմ, որ նա որեւէ մեղք չունի, նրա խղճի վրա արյան մեղք չկա: Ես խոսել եմ նրա հետ այդ թեմաներով ու կարծում, որ նրան մեղսագրվող որեւէ արարքի  հեղինակը ինքը չէ: Ինքը կապ չունի այդ ամեն ինչի հետ: Իշխանություններին ձեռնտու էր այդ ամենը իր վրա բարդել, եւ ինքը շատ դիպուկ ներկայացրեց՝ ես չեմ ուզում լինել քավության նոխազ»: Ըստ նրա՝ Վանո Սիրադեղյանի նկատմամբ այս տարիներին եղած բացասական վերաբերմունքը իշխանության մաս կազմող կոնկրետ անձանց երկարատեւ ջանքերի, քարոզչության հետեւանք է. «Վանոյի հանդեպ թշնամանքը ինչից է գալիս՝ մանրախնդիր լինելուց, իրենցից ավելի հզոր քաղաքական գործչի ու անհատի ներկայությունը չհանդուրժելու հետեւանքով: Մարդ, որ առաջնորդվում էր՝ ես ումից եմ պակաս թերարժեքությամբ տառապողի սինդրոմով՝ խոսքը Քոչարյան Ռոբերտի մասին է: Այդ մոտիվացիան, եթե հաշվի առնենք, ամեն ինչ պարզ կլինի»:  Այն, որ երկրից հեռանալու է, Վանո Սիրադեղյանը չի ասել նրան, միայն զրույցների ժամանակ կես կատակ, կես լուրջ հարցնում էր՝ ի՞նչ կարծիքի է, եթե այլեւս ՀՀ-ում չապրի. «Նախորդ օրը, եթե չեմ սխալվում, ինքն ինձ զանգեց, խոսեցինք, ես քաղաքում չէի, ասաց՝ գուցե ավելի ուշ ժամի հանդիպենք, հետո ինքը էլ չզանգեց, ես էլ չանհանգստացրի»:       Անցած տարի Վասակ Դարբինյանը բաց նամակ էր հղել Սերժ Սարգսյանին՝ առաջարկելով առաջիկա օրերին հրապարակավ Հայաստան հրավիրել Վանո Սիրադեղյանին՝ մասնավորապես գրելով. «Հուսամ՝ քո մեջ կգտնես բավարար խելամտություն եւ կանես դա։ Եթե ոչ՝ կմնաս գալիք սերունդների անեծքի եւ պատմության ծանր բեռան տակ». «Հա, ես զարմացած եմ, որ այդ բաց նամակին մինչեւ հիմա պատասխան չկա»: Վանո Սիրադեղյանը  հեղինակել է մի շարք գրքեր՝«Կիրակի», «Շատ չհամարվի» «Ծանր լույս», «Երկիր։Ցպահանջ», «Գյադաների Ժամանակը» «Ձեռքդ ետ տար ցավի վրայից»: Ի դեպ, վերջին ժողովածուն կազմել ու խմբագրել է Վասակ Դարբինյանը:    Մանրամասները՝ տեսանյութում: