Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարո Եղնուկյան. «Ուզում են ինձ տարիներով քարշ տան»     (տեսանյութ)

Հասարակություն
karo-exnukyan

«Սասնա ծռեր»-ի գործերն առանձնացնելու տրամաբանություն նրանց օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանը չի տեսնում: Սակայն, նրա խոսքերով, իր գործը ընդհանրապես  պետք է առանձնացվեր. «74 հատորներից 40 էջանոց գործից ինձ 48 էջ է վերաբերում միայն, որն էլ 5 հեռախոսազանգերի վերծանումն է, չկա առերեսում, հետեւաբար ես ամբողջ խմբի հետ իրավական փոխկապակցություն չունեմ. Կա 5 հեռախոսազանգ, որոնցից երեքը կնոջս հետ են, մյուս երկուսն էլ, որ «Սասնա ծռեր»-ի 2 անդամների հետ են, հիմա իմ հետ չեն  Վարուժան Ավետիսյանը եւ Արամ Հակոբյանը»,- «Ա1+»-ին ասաց Կարո Եղնուկյանը:  Կարո Եղնուկյանը գիտի, ինչու իր գործը չեն առանձնացնում.  «Ուզում են ինձ տարիներով քարշ տան: Ես պիտի նստեմ այնտեղ, վկաները պետք է խոսեն մի բանի մասին, որը ինձ հետ ընդհանրապես կապ չունի»:  Կարո Եղնուկյանն այսօր  Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում բողոքարկում էր  կալանքի հետ կապված որոշումը: Չնայած, վերաքննիչ դատարանը պարտավորեցրել էր գլխավոր դատախազին վերացնելու Եղնուկյանի իրավունքների խախտումները, սակայն դատախազը  կրկին մերժել է միջնորդությունը:  Իսկ այսօր արդեն առաջին ատյանի դատարանը  մերժեց Եղնուկյանի եւ նրա պաշտպանի բողոքը: «Կրկին մենք ականատես եղանք, որ ՀՀ-ում չկա իրավական որոշակիության սկզբունք, չկա դատական ակտի հեղինակություն եւ պետությունը չի կանգնում դատական ակտի հետեւում: Առկա լինելով վերաքննիչ քրեական դատարանի ուժի մեջ մտած որոշում, գլխավոր դատախազը ցույց տվեց, որ բարձր է օրենքից եւ դատարանի օրինական ուժի մեջ մտած պահանջները չեն ենթարկվում իրեն»,- ասաց նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը: