Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրիաս Ղուկասյանի պաշտպանական իրավունքը կոպտագույնս խախտվել է (տեսանյութ)

Հասարակություն
unnamed-28

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանի քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: ՀՔԾ-ն մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ընդդիմադիր գործիչը մեղադրվում է անկարգություններ կազմակերպելու, ՊՊԾ գունդ մտնել ցանկանալու մեջ։ Նրա փաստաբան Կարեն Մեժլումյանը նշում է. «Նման արարքների նպատակ, ցանկություն Անդրիաս Ղուկասյանին վերագրելը աբսուրդի թատրոնից է, գործում նման որևէ օբյեկտիվ ապացույց չկա»։ Մեղադրանքի հիմքում դրվել է ոստիկանության կողմից ներկայացված անձի ցուցմունքը, որն, ըստ փաստաբանի, որևէ կերպ չի ապացուցվում։ Ըստ վկայի՝ 2016-ի հուլիսի 29-ին՝ Ազատության հրապարակից Սարի թաղ երթից առաջ իրեն է մոտեցել Անդրիաս Ղուկասյանը՝ հորդորելով քարեր հավաքել, որպեսզի հարվածեն ոստիկաններին ու մտնեն ՊՊԾ գունդ։  Փաստաբանի պնդմամբ՝ իրենք ունեն հակառակը փաստող տեսագրություն, որը քննության առարկա չի դառնում։ «Երբ որ Անդրիաս Ղուկասյանը, Եղիշե Պետրոսյանը, Արմեն Մարտիրոսյանը, Լևոն Բարսեղյանը, Դավիթ Սանասարյանն իջնում են, որ երթը սկսեն, նրանց հետևից 4-5 տեսախցիկներ միացված գնում են։ Մենք միջնորդում ենք՝ տեսագրությունները հանեք, առգրավեք և տեսեք, Անդրիաս Ղուկասյանը առանձնանում է, թե չէ։ Մեր միջնորդությունը մերժում են»։  ՀՔԾ-ն մերժել է Անդրիաս Ղուկասյանին արդարացնող ևս մեկ միջնորդություն՝ հարցաքննել հուլիսի 29-ի երթի ժամանակ նրան ուղեկցած անձանց՝ Եղիշե Պետրոսյանին, Լևոն Բարսեղյանին Արմեն Մարտիրոսյանին։  Կարեն Մեժլումյանը հետևյալ կերպ է մեկնաբանում. «Սա պաշտպանական իրավունքի կոպտագույն խախտում է, կացնով կտրել են բոլոր իրավունքները, սա գործի բազմակողմանի, օբյեկտիվ քննության իրավունքի խախտում է։ Չի կարող նման բան լինել։ Քաղաքական հետապնդում է Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ, բազմաթիվ կեղծիքներ են անում գործի մեջ»։ Պաշտպանը այս հիմքով բողոք է գրել Գլխավոր դատախազին՝ խնդրելով գործը ևս մեկ անգամ քննել։ Անդրիաս Ղուկասյանին ներկայացված մեղադրականի մեկ այլ հատվածում ասվում է, իբր նա հրահանգել է քարեր նետել ոստիկանության ծառայողների վրա, կոչ արել գրավել Սասնա ծռերի կողմից զբաղեցված ՊՊԾ գունդը։ «Նման բան գոյություն չունի, 10 վկա է հարցաքննվել, լրագրողներ կան, մարդիկ ասում են՝ մենք չենք տեսել, նման բան չի արել»,- ասում է Կարեն Մեժլումյանը։ Այս հանգամանքը հերքում է նաև «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը, ում ևս նույն գործի շրջանակում մեղադրանք է առաջադրված։ Անդրիաս Ղուկասյանին նման մեղադրանքներ վերագրելը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում։ «Այն, ինչ-որ ասում են, հեքիաթի ժանրից է։ Մի առիթով ասել եմ՝ երբ որ լավ ֆինանսական միջոցներ ունենամ, էդ հեքիաթ գրողներին կֆինանսավորեմ, որ իրենց գործով զբաղվեն, ոչ թե իրավական աշխատանքով»։ Դավիթ Սանասարյանը վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից, ուր մեկնել էր կրթական ծրագրով։ Նա վստահ է՝ երբ կրկին քաղաքական ակտիվություն դրսևորի, իր նկատմամբ ևս քաղաքական հաշվեհարդար կսկսվի։ «Փորձում են մահակ պահել, բայց դժվար թե իրենք իրենց մեջ հավատում են, որ այդ մահակն ինձ խեղճացնում կամ հնազանդեցնում է»։ Ի դեպ, եթե դատարանը գործն այս մեղադրանքներով հաստատի, Անդրիաս Ղուկասյանին կարող է սպառնալ մինչեւ 10 տարվա ազատազրկում։