Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնտեսագետը ծխելու դեմ պայքարի ձևեր է մատնանշում (տեսանյութ)

Հասարակություն
vilen-xachatryan

Ծխելու դեմ պայքարում, ըստ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի, պետք է տուգանել միայն ծխողին. «Մեխանիզմները, իրավական հիմքերը սխալ կլինեն, եթե պատասխանատվությունն ընկնի նրա վրա, ով ծխողներին տրամադրել է որոշակի տարածք, որպեսզի օգտվեն իր ծառայությունից: Եթե ծխողը սխալ քայլ է անում, հենց իրեն է պետք տուգանել»:  Վիլեն Խաչատրյանը նշեց, որ տրանսպորտային միջոցի սրահում ծխելն արգելող նշաններ կան, բայց վարորդները նույն ձևով շարունակում են օգտվել ծխախոտից: «Եթե մեխանիզմ լինի, որ քաղաքացին իրավունք ունենա չվճարել նման վարորդին, իրեն անորակ ծառայություն մատուցելու համար, միանգամից հասարակական վերահսկողության միջոցով կարելի է կանխել այդ գործընթացը: Սա ևս առանց տուգանքների մեխանիզմներից մեկն է»,- ասաց նա: Տնտեսագետի կարծիքով պարտադիր չէ, որ պայքարի մեխանիզմները լինեն տուգանքների ձևով. «Օրինակ վերելակների մեջ կարելի է տեղադրել սենսորային ազդակներ, երկու անգամ մնա վերելակի մեջ, երրորդ անգամ չի ծխի այնտեղ: Նույն մեխանիզմը կարելի է կիրառել օբյեկտների ներսում՝ երկու անգամ կանչելով հրշեջներին, որպեսզի կրակի ազդանշանի պարագայում գան, երրորդ անգամից նոր կարելի է տուգանել տվյալ հաստատությանը՝ նման վարքագիծ դրսևորելու համար: Սա կլինի և՛ ապահովության մեխանիզմ, և՛ կկանխի նաև նման հարցերը»,- նշեց նա։