Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ձեզ փուռը տալու մտադրություն ունի ձեր գերագույն գլխավոր հրամանատարը» (տեսանյութ)

Քաղաքականություն
karo-exnukyan-1

«Սասնա ծռեր» խմբին  օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանն ու նրա պաշտպանը մինչ օրս չեն հասկանում մեղադրանքի բովանդակությունը։  «Չի կարող 21-րդ դարում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների մեջ լինի այսպիսի մեղադրանք, որ այսպիսի անհայտ մեղադրանքով անձը 10 ամիս գտնվում է անազատության մեջ: Ընդ որում խնդրում ենք, պաղատում ենք քննչական մարմնին,  ասեք՝ ինչի մեջ եք մեզ մեղադրում: 22 կետանոց միջնորդությունը մի նախադասությամբ մերժում են: Եկել ենք դատարան, դատարանն էլ ասում է մեր իրավասության տակ չէ, ուր գնանք հարգելի դատարան»,- Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Կարո Եղնուկյանը դատարանում բողոքարկում էր քննիչի եւ դատախազի անգործությունը՝ միջնորդություններին առանց հիմնավորման  մերժելու  համար։ Այսօրվա դատական նիստում  նա  անդրադարձավ դատավոր Արսեն Նիկողոսյանի կայացրած  մերժման որոշմանը, ըստ որի Կարո Եղնուկյանի գործը չի առանձնացվելու «Սասնա ծռեր»-ի գործից: Նրա խոսքերով՝ 14 մեղադրյալների մասով քրեական գործը բաղկացած է  40,0000 էջից եւ այն կարող է տեւել 3-4 տարի: Կարո Եղնուկյանը  դատավորին հիշեցրեց Սերժ Սարգսյանի ելույթը ԱԺ անդրանիկ նիստին, որ անարդարությունը չարիք է. «Մեր հայրենիքի վաղվա օրվա հանդեպ դավաճանություն պետք է համարենք ցանկացած մեկի, այդ թվում՝ դատավորի թույլ տված անարդարությունը: «Հուսով եմ , որ ողջամիտ կգտնվեք եւ չեք անտեսի ձեր գլխավոր հրամանատարի հորդորը, հրահանգը: Ինձ թվում է, սա նախազգուշացում է, որ ձեզ փուռը տալու մտադրություն ունի ձեր գերագույն գլխավոր հրամանատարը՝ իր իսկ մեղքերը քողարկելու համար»:  Կարո Եղնուկյանի այսօրվա բողոքն էլ մերժվեց: Դատավոր Արսեն Նիկողոսյանը պարզաբանեց. «Ըստ էության գործը գտնվում է այլ դատարանի վարույթում եւ դատարանի կողմից  այլ տեսակի որոշումը կմտներ այլ դատարանի գործի քննության տարածք եւ դրանով կխախտեր  բազմաթիվ նորմեր»:  Որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարանում: