Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սևազգեստ մայրերի հարցում ոստիկանները խախտել են էթիկայի կանոնները. դատական նիստ (տեսանյութ)

Հասարակություն
mayrer-nkar

«Ոստիկանությունը դրսևորել է կամայականություն». սևազգեստ մայրերի նկատմամբ բռնության դատական նիստ Ոստիկանները խախտել են էթիկայի կանոնները, ոչ բարեկիրթ և անհարգալից վերաբերմունք են դրսևորել խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողների նկատմամբ։ 2015-ի փետրվարի 11-ին նախագահական նստավայրի մոտ բռնության գործով դատական նիստին ընթերցվեց Օմբուդսմենի ամփոփագիրը։  «Պաշտպանը հիշյալ որոշմամբ արձանագրել է, որ ըստ էության ոստիկանությունը դրսևորել է կամայականություն»,- ասաց հայցվոր Գոհար Սարգսյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը։ Դատարան ներկայացած ոստիկանության ներկայացուցիչը պնդեց՝ ոստիկանության այդ օրվա գործողությունները պայմանավորված են եղել բողոքի ակցիային մասնակցողների պահանջներով ու գործողություններով։ Նշենք՝ այդ օրը ծնողները նախագահական էին եկել որդիների մահվան հանգամանքները պարզելուն ուղղված պահանջով։  «Ոստիկանության տվյալ օրվա գործողությունները ուղղված են եղել ոչ թե բողոքի ակցիան արգելելուն կամ դադարեցնելուն, այլ դրա անցկացումը այնպիսի հեռավորության վրա կազմակերպելուն, որ չխախտվի նախագահի նստավայրի բնականոն գործունեությունը»,- ասաց ոստիկանության ներկայացուցիչը։ Չնայած ոստիկանները բռնություն էին կիրառել սևազգեստ բոլոր ծնողների նկատմամբ, այսօր դատարանը քննեց միայն Գոհար Սարգսյանի դիմումը։ Ավելի վաղ Վարչական դատարանը մերժել էր բռնությունները մեկ գործի շրջանակում քննելու հայցը։ Հայցվորի ներկայացուցիչ Ռոբերտ Ռևազյանը պնդեց՝ անմարդկային վերաբերմունք դրսևորելու որևէ իրավաչափ հիմք ոստիկանները չեն ունեցել և պետք է նրանց գործողություններին իրավական գնահատական տրվի։  «Ոստիկանների գործողությունները չեն եղել օրենքի սահմաններում, ոստիկանությունը չի ներկայացրել որևէ իրավական հիմք իր գործողությունների իրավաչափության վերաբերյալ, հայցը պետք է բավարարվի»,- նշեց Ռոբերտ Ռևազյանը։ Դատարան եկած սևազգեստ մայրերը հակադարձելով ոստիկանության ներկայացուցչին, հարց են բարձրացնում՝ ինչպե՞ս կարող էր նախկինում օրենքն իրենց թույլ տալ նախագահականի մոտ ակցիա անցկացնել, իսկ այդ օրը՝ ոչ։ Հայցվոր Գոհար Սարգսյանն ասաց. «Չեմ կարծում, որ իրենք նպատակ են ունեցել այլ հարթակ մեզ տեղափոխելու։ Թե նախագահականից, թե ոստիկանապետից իրենք նման զանգ են ստացել մեզ հետ նման ձև վարվեն»։ Վարչական դատարանը որոշումը կհրապարակի հունիսի 5-ին, ժամը՝ 15։00-ին։ Այս որոշումից հետո ընդդեմ ոստիկանության դատարան հայց կներկայացնեն նաև բռնության ենթարկված մյուս ծնողները։