Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Որեւէ մեկին վտիտ, հիվանդ ընդդիմադիր պետք չէ». Խ. Հարությունյան

Քաղաքականություն
xosrov-1

ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանն ափսոսում է, որ իր ազդեցությամբ 2-րդ քաղաքական ուժը՝ «Ծառուկյան» դաշինքը, հայտնվեց մի իրավիճակում, երբ ԱԺ անցած 30 անդամներից 23-ը ինքնաբացարկի դիմում են ներկայացրել, ապա՝ հետ վերցնելու պահանջ ներկայացրել: «Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց, որ նման գործընթացները որեւէ կշիռ, հեղինակություն քաղաքական ուժին չեն ավելացնում. «Եթե ընդհանուր գնահատականներ տամ, ապա պետք է նշել, որ շատ հավանական է՝ սա ներկուսակցած խնդիրների, ժողովրդավարության, միջանձնային խնդիրների արդյունք է: ԲՀԿ-ն քաղաքական կայացման լուրջ ճանապարհ ունի անցնելու: Սա նույնպես լուրջ փորձություն էր, որի միջով քաղաքական ուժը պետք է անցնի եւ միգուցե հաջողվի ու ավելի ամրանա, կազդուրվի, կազմակերպված դառնա: Գոնե ես այդպես կցանկանայի: Հանրային հետաքրքրությունները այս ամենի հետ որեւէ աղերս չեն կարող ունենալ: Ավելին՝ նման զարգացումները շատ բացասական ազդեցություն կարող են ունենալ քաղաքական գործընթացների որակի, բովանդակության վրա եւ հետագա զարգացումների վրա»: Խոսրով Հարությունյանին արդեն ձանձրացնում են այն խոսակցությունները, թե նման գործընթացների ժամանակ ՀՀԿ-ն է մեղավորը միշտ լինում. «Նույնիսկ արդեն հետաքրքիր չէ: Որեւէ կերպ հնարավոր չէ հիմնավորել, որ ՀՀԿ-ն այս ամենում որեւէ կերպ շահագրգռված է: Հավատացնում եմ ձեզ՝ ճիշտ հակառակը՝ ես հիմա ձեզ հայտնեցի ՀՀԿ-ի ներսում առկա մտահոգությունները. մեզ պետք է կայացած, առողջ, կենսունակ ընդդիմություն: Մեզ դա պետք է մեզ համար, որպեսզի մենք էլ զարգանանք: Որեւէ մեկին վտիտ, հիվանդ ընդդիմադիր պետք չէ»: ԱԺ պատգամավորության մանդատից հրաժարված ՀՀԿ 9 ներկայացուցիչներից մեկը Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, որը մասնակցում է մայրաքաղաքի ավագանու ընտրություններին՝ գլխավորելով կուսակցության ցուցակը: Արդյոք ինքնաբացարկի դիմում ներկայացնելը նշանակո՞ւմ է, որ Տարոն Մարգարյանի համար կանխորոշված է ընտրությունների ելքը: Խոսրով Հարությունյանը որեւէ արտասովոր բան չի տեսնում այստեղ. «Նրա հրաժարականը ոչ թե արտառոց է, այլ շատ տրամաբանական, քանի որ կուսակցության ներսում տարոն Մարգարյանը դիտվում է նախեւառաջ քաղաքապետ: Տարոն Մարգարյանը քաղաքապետի ընտրություններին հաջողելու մեծ հավանականություն ունի»: