Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրական օրացույց. 13 օր առաջ. Իգիթյանը ձեռնոց է նետում Տեր-Պետրոսյանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
YNTRAKAN-ORACUYC

2009-ի Ավագանու ընտրությունների քարոզարշավի այս օրերին արդեն մամուլը գրում է ընտրակաշառքների դեպքերի մասին: Դրամական առումով մեկ ընտրողի քվեն առայժմ գնահատվում է 5 հազար դրամ։ Քարոզարշավի այս օրը Հայ Ազգային Կոնգրեսի ավագանու ցուցակի առաջին համար Լեւոն Տեր-Պետրոսյանը Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչներին տեղեկացնում է իր ղեկավարած շարժման եւ Հանրապետական կուսակցության տարբերությունը. «Ընտրում եք Հանրապետական կուսակցությանը կամ իշխանական կոալիցիային՝ դուք ընտրում եք ստրկությունը, ընտրում եք Հայ Ազգային Կոնգրեսին՝ դուք ընտրում եք ձեր ազատ ապրելու հնարավորությունը»: Նոր Նորքում ավագանու ընտրություններից 13 օր առաջ արվեստագետ Լեւոն Իգիթյանը բանավեճի է հրավիրում ընտրություններին մասնակցող ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Ձեռնոց եմ նետում, եթե էդքան տղամարդ ա, եթե ինքը ուզում ա հայ լինել, եթե ինքը մայրաքաղաք է սիրում, թող դուրս գա բանավեճի»: Քաղաքապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանը վստահեցնում է, որ մայիսի 31-ի ավագանու ընտրությունները սովորական ընտրություններ չեն։ Բարգավաճ Հայաստանի քարոզչահոլովակն ազդարարում է, որ ավագանու ընտրություններին մասնակցում է իրենց ոլորտների լավագույն ներկայացուցիչներով։ Ծառուկյանը շարունակում է, որ 15 տարի կառուցել է հիվանդանոց, եկեղեցի եւ դպրոց, ապացուցելու ոչինչ չունի. «Վստահեք մեզ, մեր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, մեր թիմին»: 2013-ի ավագանու ընտրություններից 13 օր առաջ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը հույս ունի, որ ընդդիմադիր 4 ուժեր կկարողանան մեծամասնություն վերցնել Երեւանի ավագանիում: Եվ միայն ավագանիում կկարողանան միավորվել. «Ով որ ընտրություններից հետո չմիավորվեց քաղաքապետ ձեւավորելու հարցում, նաեւ ձեզ համար պարզ կլինի, թե որ ուժը իշխանության խաղը խաղաց»: Իսկ միավորվելուց հետո քաղաքապետին ընտրելն արդեն, ըստ Դաշնակցության, խնդիր չի լինի: Քարոզարշավի այս օրը «Բարեւ Երեւան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը մոտ երեք ժամ անցկացնում է Հատուկ քննչական ծառայությունում: Հրավիրվելու առիթը ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության եւ նախագահի ընտրությունների արդյունքներից դժգոհ ժողովրդի բախումն էր: Այդ օրը ոստիկանները դաժան ծեծի էին ենթարկել քաղաքապետի ապագա թեկնածուին։ Քարոզարշավի օրերին Երեւանի ոստիկանապետ է նշանակվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով քաղաքացի Գրիշա Վիրաբյանի հանդեպ խոշտանգումների մեջ մեղադրվող Աշոտ Կարապետյանը. «Դա ոչ այլ ինչ է, քան ծաղր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նկատմամբ»: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին զայրացնում են քարոզարշավի այս օրերին տարածվող լուրերը, թե ավագանու ընտրություններին մասնակցող իր կուսակցությունը ընտրողներին խտացրած կաթ ու մեղր է բաժանում իբրեւ ընտրակաշառք: «Խորհուրդ եմ տալիս խոսելուց առաջ մտածել»,-թեման փակում է տիկին Բիշարյանը: Կենտրոն համայնքում քարոզարշավ իրականացնող Տարոն Մարգարյանը խոստանում է ավելի մշակութային Երեւան, այս 4 տարիներին, ըստ նրա բազմաթիվ արվեստի դպրոցներ ու գրադարաններ են ջեռուցվել, ինչպես կարելի է չտեսնել գործող քաղաքապետի նվաճումները: «Ա1+»-ի Մեդիա Կենտրոնի ընդդիմադիր հյուրերը մի քիչ այլ կարծիքի են՝ քաղաքապետի ընտրությունը քաղաքական ընտրություն է: «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչն այստեղ փորձում է հասկանալ, թե ինչու է Հայ Ազգային Կոնգրեսն իրեն ներկայացնում որպես միակ ընդդիմություն։