«ԵՏՄ-ից դուրս գալու կոչերը խիստ վտանգավոր են». տնտեսագետ (տեսանյութ)
«Վերջին շրջանում Հայաստանը վարում է շատ ակտիվ արտաքին քաղաքականություն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Սերժ Սարգսյանի մոսկովյան այցին, ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: «Բոլոր այն մտքերը, որոնք արտահայտվել են թե Պուտինի, թե Սարգսյանի կողմից, բավականին խոստումնալից են»,-ասաց նա՝ անդրադառնալով նաև արցախյան հիմնահարցին: Ըստ Իսագուլյանի՝ միայն այն, որ Հայաստանը սահմանային վերջին դեպքերի հետ կապված կարողացավ վիզուալ ցույց տալ, թե ով է մեղավորը՝ միակողմանի կիրառելով հետաքննության մեխանիզմները, արդեն խոսում է որոշակի տեղաշարժի մասին: Քննարկմանը ներկա՝ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ անդրադարձավ Սարգսյան-Պուտին հանդիպման տնտեսական մասին: «Ռազմատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության վրա հատուկ շեշտադրումներ արվեցին, ինչը ես շատ կարևորում եմ: Իմ համոզմամբ՝ Հայաստանը և Ռուսաստանը պետք է լինեն առաջին ծիծեռնակները ԵԱՏՄ շրջանակներում ռազմաարդյունաբերական համալիր ձևավորելու առումով՝ հատկապես Հայաստանի մեծ գիտական պոտենցիալը հաշվի առնելով»,-ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ խիստ վտանգավոր է համարում ԵՏՄ-ից անհապաղ դուրս գալու բոլոր կոչերը: «Շատ կարևոր է, որ Հայաստանը շարունակի պրոակտիվ տնտեսական քաղաքականությունը՝ տարբեր ձևաչափերով: Ինձ շատ ուրախացնում է, որ Հայաստանը երբևէ կաշկանդված չէ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման մեկ ձևաչափով սահմանափակվելու, այն ինչ տարիներ առաջ մեզ ստիպեցին ընտրել՝ կամ, կամ: Հիմա Մոսկվայի և Բրյուսելի միջև այդ ըմբռնումը կա, և Հայաստանի համար կաշկանդվածություն չկա: Դա բերում է առևտրատնտեսական կապերի բազմազանեցման և կախվածության վերացման»: