Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ջրառատի միջադեպն ամենաքիչը ՀՀԿ-ին էր ձեռնտու» (տեսանյութ)

Քաղաքականություն
xxx

ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը, կարդալով կուսակցությունների և դաշինքների նախընտրական ծրագրերը, չի տեսել որևէ մեկի մոտ տնտեսության զարգացման երկարաժամկետ ծրագիր: «Խոսում են՝ ընդհուպ մինչև տնտեսական համակարգին շատ դժվար վերականգնվող վնասներ հասցնելու գնով կարճաժամկետ հաջողություն հասնելու մասին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա: Խոսրով Հարությունյանն անդրադարձավ կուսակցությունների՝ նվազագույն աշխատավարձը բարձրացնելու դրույթներին՝ նշելով. «Բարձրացնել նվազագույն աշխատավարձը նշանակում է ամբողջ պետական սեկտորում օրենքի ուժով բարձրացնել դատավորների, ոստիկանների, քննիչների, բոլոր չինովնիկների աշխատավարձերը: Դա իր հերթին խթանելու է մասնավոր սեկտորի աշխատավարձերի բարձրացմանը, ինչին հետևելու է այն, որ արտադրանքի ինքնարժեքը թանկանալու է, սա էլ իր հերթին կբերի գների բարձրացում»: «Ա1+»-ի թղթակցի խնդրանքով պատգամավորը մեկնաբանեց նաև Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում երեկ տեղի ունեցած զինված միջադեպը՝ ՀՀԿ-ի և ՕՐՕ դաշինքի միջև, որի ընթացքում ՀՀԿ-ական, ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի կողմնակիցները զինված հարձակում են գործել. «Միանշանակ դատապարտում  եմ նման բռնարարքը, բայց երբ հարց ես տալիս, թե ում էր ձեռնտու դա, ամենաքիչը դա ձեռնտու էր Հանրապետականին»: