Ընտրական օրացույց. 24 օր առաջ. Դասադուլ՝ Սերժ Սարգսյանի պատվին (տեսանյութ)
1995-ի քարոզարշավի ընթացքում թալանվում է Գերագույն խորհրդի պատգամավոր եւ Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածու Գառնիկ Իսագուլյանի գրասենյակը: Պատգամավորն ասում է՝ Ներքին գործերի նախարարության 4-րդ վարչության աշխատակիցները կոտրել են գրասենյակի դուռը թմրանյութ գտնելու պատրվակով: Սակայն տարել են Դաշնակցության 21 կալանավորվածների վերաբերյալ փաստաթղթեր, նրանց ընտանիքներին ցույց տրվող օգնության համար գրասենյակ բերված 60 լիտր ձեթ, 2 պարկ ալյուր, 56 մարզական համազգեստ: 1999-ի ընտրություններում Մասիսի 2-րդ ընտրատարածքային հանձնաժողովը Գառնիկ Իսագուլյանին հրաժարվում է գրանցել որպես պատգամավորության թեկնածուի: Հանձնաժողովը դա բացատրում է նրանով, որ պարոն Իսագուլյանը պետությունից թաքցրել է իր եկամուտները: Մերժված թեկնածուն սակայն նկատում է, որ Ընտրական օրենսգրքով գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերում եկամուտների հայտարարագրումը չկա: 1999-ի քարոզարշավի ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունում է Հայաստանի ռամկավարներին: Քոչարյանը նրանց վստահեցնում է, որ ընտրություններին ուժայինների միջամտությունը բացառված է: Ընտրություններին սակայն ամենաակտիվներից էր պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը երկրապահների եւ հանրապետականների հետ: Հանրային Հեռուստատեսությունը ընտրություններին մասնակից Հայաստանի երիտասարդական կուսակցությանը հրաժարվում է տրամադրել քարոզչական եթերաժամանակ: Կուսակցությունը ընտրարշավի առաջին օրը եթերի հայտ չէր ներկայացրել եւ արդյունքում զրկվել էր եթերից: 2003-ի մայիսի 1-ին կարմիր դրոշներով եւ Վլադիմիր Լենինի պատկերներով մայրաքաղաքի փողոց են դուրս գալիս կոմունիստները: «Կեցցեն աշխատավորները, փառք աշխարհի աշխատավորներին»,-գոչում է մի կին բարձրախոսից: Կոմունիստական հաղթարշավի համար պայքարի դուրս ելածների մեջ են պիոներ երեխաները: Նրանց պահանջը Հայաստանի իշխանություններից մեկն է: 2007-ի քարոզարշավի սոցիոլոգիական առաջին հարցումներով Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները ընտրության օրը կարող են վերցնել 30-ական տոկոս: «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավարը լրագրողներին ասում է, որ 5-֊տոկոսանոց շեմը, ըստ հարցումների, կհաղթահարեն նաեւ «Օրինաց երկիր»-֊ը, Դաշնակցությունը, «Ժառանգություն»-֊ը եւ «Ազգային միաբանություն»-ը: Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի հանդիպմանն ասում է, որ 2007-ի ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու համար պահանջվում են բոլորի կողմից բարի կամքի ու բարի տրամադրվածության դրսեւորում` ոչ միայն կառավարության, ընտրական հանձնաժողովների, իշխող կուսակցության կողմից, այլեւ` ողջ հասարակության, այդ թվում նաեւ` ընդդիմադիր կուսակցությունների: 2007-ը քարոզարշավի հիմնական թեմաներից է մահացածների մեծ ներկայացվածությունը ընտրական ցուցակներում: ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը փորձում է պարզաբանել, թե հանգուցյալներն ինչ գործ ունեն ընտրացուցակներում: Նա պատրաստ է հրաժարական տալ, եթե «գտնվի մի ցուցակ, որտեղ չկա մահացած մարդ»: Ըստ պարոն Ազարյանի` որեւէ երկրում չկա 100 տոկոսանոց ցուցակ, քանի որ «ցանկացած պահի մարդ է մահանում»: 2012-ի աշխատանքային օրը Էջմիածնի դպրոցականների համար տոն է՝ դաս չկա. բոլոր ուսուցիչները պետք է մասնակցեն քաղաքում Հանրապետականի քարոզարշավին: Անձամբ ներկա է լինելու Սերժ Սարգսյանը: Քարոզարշավին բանավիճային սովը հաղթահարելու իր պատրաստակամությունն է հայտնում Ավանում առաջադրված Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Ինքը հաճույքով պատրաստ է բանավիճել միայն ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ ցուցակի մյուս 9 թեկնածուների հետ: Նույնն էլ խորհուրդ է տալիս իր ընկեր Սամվել Ալեքսանյանին, որին կդադարի հարգել, եթե վերջինս համաձայնվի բանավիճելու Նիկոլ Փաշինյանի առաջարկին: