Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դղյակներ կառուցած պաշտոնյաները բանակին պետք է միլիարդներ վճարեն» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
unnamed-2-16

«Մեզ համար շատ զարմանալի է, որ պետությունը փորձում է նորից սովորական մարդու գրպանը մտնել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով 1000 դրամի ֆոնդի մասին: «Անհասկանալի է, թե այդ 1000 դրամները ի՞նչ պետք է տան բանակին: Եթե պետությունը դրա կարիքն ուներ, պետք է խոստովաներ, որ իր ապաշնորհ քաղաքականության շնորհիվ ժողովրդից է օգնություն խնդրում: Ժողովուրդը վրդովված է, քանի որ նրանք, ովքեր թալանել են երկիրը, պետք է հանգիստ ապրեն, իսկ սովորական քաղաքացիները՝ 60 հազար դրամ աշխատավարձով, ստիպված են վճարել այդ 1000 դրամները: Սա փարիսեցիություն չէ, ի՞նչ է: Դղյակաշինարարությունը այս վերջին 25 տարում որտեղի՞ց արեցին: Անհավասարության, անարդարության արդյունք  է, որ ժողովուրդն այսպես արձագանքեց»,-նշեց նա: Ասուլիսին ներկա՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն էլ վստահություն հայտնեց, որ 1000 դրամների հիմնադրամը կլինի միակ հիմնադրամը մեր երկրում, որից որևէ մեկը չի գողանա: «Ես համաձայն եմ, որ բանակում կան ստոր մարդիկ՝ ջոկի հրամանատարից սկսած՝ մինչև գեներալներ: Սակայն պետք չէ այդ փաստերին, որոնք շատ դեպքերում օրինաչափ են, քանի որ տարածված են աշխարհի բոլոր երկրներում, տուրք տալով՝ այդ սուրբ գաղափարն էժանացնել»,-նշեց նա՝ հավելելով, որ դղյակներ կառուցած պաշտոնյաներից հիմնադրամը պետք է միլիարդներ պահանջի: Բանախոսներն անդրադարձան նաեւ 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Արամ Սարգսյանի խոսքով՝ ռեյտինգային քվեարկությունը ժողովրդավարական չէ. «ՀՀԿ-ի անդամներն իրար դեմ են դուրս գալու, իրենց մեջ է լինելու քվեարկությունը: Այդ ռեյտինգային քվեարկությունը նույն դրամ բաժանելու ձևն է: Հայը, որն իրեն երբեք աղքատ չի համարել, այսօր 70 տոկոսը խոստովանում է, որ աղքատ է: Նման իրավիճակում պարզ է, որ գայթակղելու են ժողովրդին: 10 հազար դրամի փոխարեն՝ 20 հազար կբաժանեն»: