Կբացվի էկոզբոսաշրջության աջակցման տեղեկատվական կենտրոն (տեսանյութ)
Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը կարծում է, որ տնտեսագետի եւ իրավաբանի մասնագիտությունը բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին միայն օգնում է իր աշխատանքում եւ ոչ մի կերպ չի խանգարում: «Դուք գիտեք, որ նախարարի աշխատանքը առաջին հերթին կառավարչի աշխատանք է, քաղաքական պաշտոն է: Ես ասեմ, որ թիմը շատ առողջ համագործակցում է իր ղեկավարի հետ: Երկու մասնագիտությունների առկայությունը շատ ավելի է օգնում, որովհետեւ պարոն Մինասյանը կարողանում է ցանկացած խնդրի իրավական լուծումները շատ հեշտ գտնել: Նաեւ շատ ճկուն ձեւով կարողանում է անդրադառնալ եւ խորամուխ լինել խնդիրներին երկու կողմից»,- «Ա1+»-ի հարցին ի պատասխան ասաց նախարարի տեղակալը: Այսօր Խաչիկ Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաեւ կառավարության նոր ծրագրին՝ նշելով, որ ինչպես կառավարության ողջ ծրագիրը, այնպես էլ բնապահպանական մասը կազմված է շատ կոնկրետ: Կառավարության ծրագրում Սեւանա լճի էկոհամակարգի հավասարակշռությունը որպես գերակայություն է դրված: Ըստ փոխնախարարի՝ բնապահպանական, բնօգտագործման հաշվետվությունները դառնալու են էլեկտրոնային: «Այստեղ շուրջ 4000 շահառու կա եւ նրանց համար հասանելի կլինի էլեկտրոնային ներկայացման եղանակը, սա նույնպես ներառված է կառավարության գերակա խնդիրների շարքում»: Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը նաեւ տեղեկացրեց, որ նախատեսում են բացել էկոզբոսաշրջության աջակցման տեղեկատվական կենտրոն, որը ստեղծվել է բնության պետական թանգարանի հենքի վրա: Նախարարությունը, վարչապետի հանձնարարականով, նաեւ մշտադիտարկում է իրականացնելու ՀԷԿ-երի ուղղությամբ եւ առաջարկությունները ներկայացնելու է կառավարություն: