Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանություններն ամենաշատը վախենում են Քոչարյանից». Արամ Հարությունյանը միանում է «Համախմբում»-ին (տեսանյութ)

Քաղաքականություն
susik-aram

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը որեւէ խանգարող հանգամանք չի տեսնում, որ իր եւ «Համախմբում» կուսակցությունները  միասին մասնակցեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին. «Քանի որ նույն դաշտում ենք եւ հավատարիմ ենք մնացել նույն սկզբունքներին: Մեզ համար իշխանության խնդիրը,  մեր վերաբերմունքը Սահմանադրական  փոփոխությունների հետ կապված  եւ Սերժ Սարգսյանի հեռացման հարցը մեզ համար օրակարգային է եւ այդ իմաստով ես որեւէ խնդիր չեմ տեսնում, որ մենք միասին կարող ենք մասնացել «Համախմբման հետ»: «Ա1+»-ի հարցին՝ ինչպես եք գնահատում «Համախմբման» շանսերը, հատկապես, որ նշվում է, որ «Համախմբման» թիկունքում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, Արամ Հարությունյանը նշեց, որ երկու մոտեցում կա այս պարագայում. «Մի տարբերակը, որ նրանք, որ ուզում են  «Համախմբման» վարկանիշը ցածրացնել, ասում են հետեւում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, բայց նաեւ կա հակառակ տեսակետ, ասում են եթե Քոչարյանը լինի, այդ ուժը շատ ուժեղ կլինի»: Նրա խոսքերով՝ երեք նախագահների ժամանակ էլ որեւէ իշխանություն չի ունեցել, որեւէ պետական պաշտոն չի զբաղեցրել , բայց համեմատության մեջ կարող է ասել, որ իր  համար Ռոբերտ Քոչարյանի ժամանակաշրջանը Հայաստանի համար բարենպաստ է եղել բոլոր իմաստներով, քան նույն Սերժ Սարգսյանի:  «Այսօր իշխանությունները ամենաշատը վախենում են Քոչարյանից, որովհետեւ Քոչարյանի պարագայում իրենք համոզված են, որ իշխանական համակարգը ճեղքվածք է տալու»,- նշեց Արամ Հարությունյանը: «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը նշում է, որ որեւէ մեկի փաստաբանը չէ, բայց համոզված է, երբ Քոչարյանը մտնի քաղաքական դաշտ, իշխանությունները խնդիր կունենան, քանի որ Սերժ Սարգսյանը թիմային մարդ չէ: «Այսօր Կարեն Կարապետյանի միջոցով փորձում է որոշ մարդկանց հետ հարցեր լուծել կամ թուլացնում է իրեն վտանգ ներկայացնող մարդկանց, բայց մյուս կողմից հասկանում են, որ նա պատրաստ է յուրաքանչյուրին զոհաբերել: Քոչարյանը այդ տարբերակը չի եղել»: Ըստ Արամ Հարությունյանի՝    այսօր Ռոբերտ Քոչարյանի դեմ շատ ուժեղ հակաքարոզչություն կա եւ շատ ուժեր՝ հատկապես  ընդդիմադիր դաշտում պայքարելու Ռոբերտ Քոչարյանի դեմ: Ճշտող հարցին, թե Մարտի 1-ը եւ 10 զոհերը եղան հենց Ռոբերտ Քոչարյանի օրոք, նա նշեց, որ երեք նախագահներից ամենաքիչը Ռոբերտ Քոչարյանին էր պետք մարտի 1-ը. «Քանի որ նա գնալու էր, տրամաբանության տեսակետից Մարտի 1-ին շահեց Սերժ Սարգսյանը»,- եզրափակեց Արամ Հարությունյանը: