«Ջնդի Ամարյանը հանիրավի էր գտնվում կալանքի տակ». պաշտպան
«Շամս» մարդասիրական ՀԿ պատվավոր նախագահ, գործարար Ջնդի Ամարյանի գործով պաշտպանական կողմի հետագա քայլերը ուղղված են լինելու նրան, որ քրեական հետապնդումը դադարեցվի: Երեկ շորթման կասկածանքով կալանավորված եզդի հայտնի հեղինակություն Ջնդի Ամարյանը դատախազի որոշմամբ ազատ է արձակվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Պաշտպանական կողմը բազմիցս էր դիմել Գլխավոր դատախազին, սակայն դիմումը չէր բավարարվել: «Այս անգամ քննարկելով որոշեցին բավարարել: Մեր միջնորդած բոլոր վկաներին հարցաքննել են: Եւ եթե ենթադրություն կար, որ կարող էր ազդել գործի նախաքննության վրա, այդ շրջանակը սպառվել է: Եւ ինչ- որ տեղ կարող էր նաեւ համոզմունք ձեւավորված լինել, որ Ամարյանը գործի հետ առնչություն չունի: Թեեւ այս պահին կարճված չէ գործը»,- «Ա1+»-ին ասաց Ջնդի Ամարյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը: Նրա խոսքերով՝ իր պաշտպանյալը հանցավոր արարք չի կատարել եւ հանիրավի էր 3 ամիս գտնվում կալանքի տակ: