Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ժիրայր Սեֆիլյանը երկու ամսով կալանավորվեց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
44

20.02 Րոպեներ առաջ հնչեց դատարանի վճիռը, համաձայն որի Ժիրայր Սեֆիլյանը կալանավորվեց երկու ամսով։ Փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ սա եզակի դատավարություններից էր, երբ քննիչը ոչ մի հիմնավորում չէր ներկայացրել, թե ինչու Սեֆիլյանը կարող է խոչընդոտել նախաքննությանը։ «Իմ կարծիքով դատարանն ի զորու չէր արդար որոշում կայացնելու»,- ըստ փաստաբանի՝ կալանքի որոշում չպետք է կայացվեր։ «Հատկապես, երբ գործ ունեն քաղաքական գործչի հետ և նրան կալանավորելու համար, շատ ծանրակշիր փաստարկներ պետք է լինեն, իսկ մեր դեպքում չկա չափանիշ, որ Սեֆիլյանը կարող էր խոչընդոտել նախաքննության ընթացքին»։ Նա հիշեցրեց, որ իրենք՝ փաստաբաններն առաջարկել էին գրավ՝ Սեֆիլյանին ազատ արձակելու դիամաց, որը մերժվել էր, ինչը ստիպում է մտածել, որ դա քաղաքական որոշում էր։ Ի դեպ, երբ քննիչը դուրս եկավ դատարանի դահլիճից, հավաքվածները նրա հետևից վանկարկեցին՝ ամոթ-ամոթ և անվանեցին ազգի դավաճան։ Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը, Ա1+-ի հետ զրույցում նշեց, որ չէր էլ մտածում, թե  դատարանն այլ որոշում կկայացնի։ Նա շունակում է պնդել, որ սա քաղաքական որոշում էր։ «Ափսոս, որ ՀՀ-ում չեն կարողանում գնահատել հերոսներին, այնինչ՝ Ադրբեջանում հեոսացնում են հանցագործներին»։ 19.44 Քիչ առաջ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից դուրս եկավ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը եւ դրսում հավաքված լրագրողներին պատմեց, թե ինչ է տեղի ունեցել դատարանի դահլիճում: Ըստ նրա՝ քննիչը դատարանում հայտարարել է, որ Ժիրայր Սեֆլիյանը հասարակության համար սպառնալիք է,  սակայն Արա Զաքարյանի վստահեցմամբ՝ քննիչը չկարողացավ իր պնդումն ապացուցող որեւէ ապացույց ներկայացնել: Փաստաբանը նշեց նաեւ, որ դատարանին առաջարկել են Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակել գրավի դիմաց: Որպես գրավ՝ առաջարկվել է Ժիրայր Սեֆիլյանին պատկանող երկու բնակարանն ու խոշոր չափի գումար՝ 10 մլն դրամ: Այս պահին դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Արա Զաքարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վստահ է՝ դատավորը կայացնելու է կալանավորման որոշում, քանի որ, ըստ նրա, ՀՀ-ում գրեթե չկա մի դատավոր, որը կկարողանա արդար որոշում կայացնել: Ի դեպ, բերման ենթարկված կանայք, ըստ բողոքի ակցիայի մասնակիցների, երկուսն են՝ «Հայ կանանց ճակատի» անդամներ Սյուզան Սիմոնյանը եւ Անուշ Կարապետյանը: 18.40 Րոպեներ առաջ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որտեղ ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի բողոքի ակցիա էին անցկացնում մի խումբ մարդիկ,  հավաքվեցին մոտ 20 ոստիկաններ, որոնց մեջ էին նաեւ կարմիր բերետավորներ: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է «Ա1+»-ի լրագրողը՝  նրանք մոտեցան հավաքված մարդկանց եւ առանց որեւէ բացատրություն տալու՝ մի քանի կնոջ բռնի ուժով բերման ենթարկեցին: Կանայք անօրինական որեւէ բան չէին արել՝ պարզապես կանգնած էին ու սպասում էին՝ երբ է դատարանի դարպասից դուրս գալու ոստիկանական մեքենան, որը տեղափոխելու էր ժիրայր Սեֆիլյանին: Այնուհետև, քաշքշուկ սկսվեց ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջեւ: Քիչ անց ոստիկանները արագ հեռացան։ Թեեւ կարմիր բերետավորները գնացին, սակայն դատարանի բակում շարունակում են մնալ 15-20 ոստիկան: Այսօր պետք է դատարանը բավարարի կամ մերժի նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք առաջադրելու եւ նրա խափանման միջոցը որոշելու համար: Դրսում լրագրողները ավելի քան 4 ժամ է սպասում են դատարանի որոշմանը: 17.13. Քիչ առաջ դատարանից դուրս եկավ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը եւ հայտնեց, որ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Սիմիզար Հովսեփյանին՝ պատճառաբանելով, որ նա բավարար չափով չի տիրապետում քրեական իրավունքին, վճռաբեկ դատարանի նախադեպերին:  Փաստաբանը կարծում է, որ դատավորը բավարար գիտելիքներ չունի գործը քննելու համար: Արա Զաքարյանն ասաց, որ Ժիրայր Սեֆիլյանն իրեն մեղավոր չի ճանաչել, եւ այս գործը որակել է որպես քաղաքական պատվեր. «Ենթադրելու համար, որ սա քաղաքական գործ է, կան մի շարք պատճառներ, մասնավորապես՝ այն հանգամանքը, որ Ժիրայր Սեֆիլյանը  որպես քաղաքական գործիչ հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով եւ բոլորովին վերջերս հայտարարություններ է արել ԼՂՀ որոշ տարածքներ հանձնելու վերաբերյալ, որի մասին մինչ այդ ոչ ոք չէր համարձակվում բարձրաձայնել: Սեֆիլյանը կարծում է, որ իր այդ քայլերից հետո իշխանությունը որոշել է հաշվեհարդար տեսնել իր հետ»: Փաստաբանը հերքեց, որ կատարված քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են ապացույցներ, ըստ որոնց Ժիրայր Սեֆիլյանը կարող է ճանաչվել մեղավոր: Նրա խոսքով՝ քննչական մարմինը նման տեղեկություններ է տարածում, որպեսզի վարկաբեկի Սեֆիլյանի հեղինակությունը: «Քննչական մարմինը փորձ արեց պաշտպաններից ստորագրություն վերցնել քննության ընթացքում ստացած տեղեկությունները չհրապարակելու վերաբերյալ, այսինքն՝ իշխանությունը մի կողմից քննչական մարմնի միջոցով որոշակի տեղեկություններ է տրամադրում, մյուս կողմից՝ պաշտպանների բերանը փակում, որպեսզի հերքի այդ տեղեկությունները»,-ասաց Արա Զաքարյանը: Այս պահին դատավորը հեռացել է՝ որոշում կայացնելու, թե արդյոք ինքը շարունակելո՞ւ է վարել այս գործը, թե՞ ոչ: 15.12 Րոպեներ առաջ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերեցին Ժիրայր Սեֆիլյանին։ Հավաքված բազմաթիվ քաղաքացիներ և «Նոր Հայաստան» փրկության ճակատի անդամներ ավտոմեքենայի հետևից վանկարկում էին՝ «Ժիրայր-Ժիրայր»։ Ոմանք ավտոմեքենան ուղեկցեցին մինչև դատարանի մուտք։ Դատարան մտավ նաև Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը։ Նա ասաց, որ դռնփակ նիստ է նախատեսվում, իսկ մանրամասները կասի քիչ ավելի ուշ։ Հիշեցնենք, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով։ «Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ  նա կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Մասնավորապես, Ժ. Սեֆիլյանն անմիջական շփումներ է ունեցել քրեական գործով որպես մեղաղրյալ ներգրավված տարբեր անձանց հետ, որոնց ուղղակիորեն հանձնարարել է ապօրինի կերպով պահվող զենք և ռազմամթերք փոխադրել, դրանք տեղափոխել և պահել տարբեր վայրերում, ինչպես նաև պատրաստ լինել՝ համապատասխան հրամանի դեպքում օգտագործել դրանք»,- ասված է քննչականի հաղորդագրությունում։