Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժիրայր Սեֆիլյանին և ևս 8 հոգու մեղադրանք է առաջադրվել

Կարևոր լուրեր Պաշտոնական
նախախ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով 2016թ. հունիսի 22-ին Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը և համակողմանի ու անաչառ քննության կապակցությամբ հասարակության մեջ ձևավորված ակնկալիքները՝ տեղեկացնում ենք, որ նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ  նա կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Մասնավորապես, Ժ. Սեֆիլյանն անմիջական շփումներ է ունեցել քրեական գործով որպես մեղաղրյալ ներգրավված տարբեր անձանց հետ, որոնց ուղղակիորեն հանձնարարել է ապօրինի կերպով պահվող զենք և ռազմամթերք փոխադրել, դրանք տեղափոխել և պահել տարբեր վայրերում, ինչպես նաև պատրաստ լինել՝ համապատասխան հրամանի դեպքում օգտագործել դրանք։ ժիրայր Սեֆիլյանին առաջարկվել է ցուցմունք տալ մեղադրանքի առաջադրման համար հիմք հանդիսացած փաստերի վերաբերյալ, սակայն նա, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, նախընտրել է լռություն պահպանել և ցուցմունք չտալ: Ընդ որում, Ժ.Սեֆիլյանը ցանկություն չի հայտնել ցուցմունք տալ նաև առերես հարցաքննության ժամանակ և հարցեր ուղղել իր դեմ վկայություն տված անձանց։ Քրեական գործի շրջանակներում կատարվել են մի շարք քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում խուզարկություններ են իրականացվել Սեֆիլյանի բնակարանում և աշխատավայրում, առգրավվել համակարգիչներ, փաստաթղթեր և այլ նյութեր: Նախաքննական մարմինը, գնահատելով իր տրամադրության տակ եղած ապացույցների համակցությունը, Ժ.Սեֆիլյանին մեղսագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը, ինչպես նաև՝ նրան անազատության մեջ պահելու համար անհրաժեշտ բավարար հիմքերի առկայությունը, որոշում է կայացրել միջնորդություն ներկայացնել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել 9 անձ, որոնց թվում՝ Ժիրայր Սեֆիլյանը։ Մեղադրյալներից մեկի գտնվելու վայրն անհայտ է, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հանձնարարություն տրվել համապատասխան մարմիններին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ ՀՀ քննչական կոմիտեն, ապահովելով սույն քրեական գործում ներգրավված անձանց իրավունքների, ինչպես նաև արդարադատության շահերի հավասարակշռված պաշտպանությունը, կշարունակի պարբերաբար տեղեկատվություն տրամադրել նախաքննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ։   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին