Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Հայկ Խանումյանի ծեծի և ՀՕՊ համաձայնագրի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
raffi

Ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի  նկատմամբ բռնությունը վտանգներ է ծնում Արցախի համար: «Կարծում եմ, որ այն տեռորը, ծեծկռտուքը, որին արդեն ինչ-որ տեղ վարժվել ենք Հայաստանում, մտնում է նաև Արցախի կյանք: Պարզ է, որ իշխանությունը քրեականացված է, այդքանը գիտենք ՀՀ-ում, իսկ եթե դա դառնա նաև ախտորոշիչ ախտանշան Արցախի համար՝ կարծում եմ,  խիստ վտանգավոր է լինելու»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հաշվի առնելով նախադեպերը, Րաֆֆի Հովհաննիսյանը ամբողջովին վստահ չէ, որ   այս գործը  օբյեկտիվ բացահայտում կունենա, թեև գործով կա երկու  կալանավորված: «Քավության նոխազների, սլաքավարների ավանդույթ կա, իհարկե, հայրենի երկրում  չի կարելի բացառել, որ  քանի դեռ չկա իշխանության փոփոխություն, չենք իմանա իսկական պատվիրատուների անունները»,-ասաց պարոն Հովհաննիսյանը: Վերջինս պատահական չի համարում հենց  Հայկ Խանումյանի նկատմամբ բռնությունը: Այս համատեքստում նա նշում է. «Հայկ  Խանումյանը  ներկայացնում  է  ոչ թե փոքրամասնություն  Արցախի ԱԺ-ում, այլ հայ ժողովրդի մեծամասնության տեսակետը, որ պատասխանատվություն պետք է կրեն այն իշխանությունները, որոնք ոչ միայն թույլ տվեցին տարածքային կորուստները, այլև այն մարդիկ, թեկուզ նաև իշխանավորները, որոնք հարձակում են գործել Հայկ Խանումյանի նկատմամբ»: Նման միջադեպերի կրկնությունը պարոն Հովհաննիսյանը առաջիկայում ևս չի բացառում։ «Հիմնական պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է և քանի դեռ չկա այստեղ փոփոխություն, կարելի է ակնկալել նման շատ ու շատ դեպքեր»,-ընդգծում է նա: Իսկ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերադարձը Րաֆֆի Հովհաննիսյանը Ռոբերտ Քոչարյանի նախագիծ չի համարում: «Ես որևէ հիմք չունեմ այլ բան ասելու, քան գեներալ Բաբայանը իրացրել է իր բնական իրավունքը՝ տարիներ անց վերադառնալ հայենիք և օգտակար լինել»: Անդրադառնալով հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու վերաբերյալ համաձայնագրին՝ «Ժառանգության» առաջնորդը դա  համարեց  Ռուսաստանին Հայաստանի ինքնիշխանության զիջման հերթական նշան: «Մենք կփաստենք հերթական անգամ մեր ենթակա գուբեռնյա լինելը  և ցույց կտանք, թե որն է  Հայաստանի իրական վարկանիշը միջազգային հարաբերություններում»,-շեշտեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս   չի կասկածում, որ ԱԺ-ն այդ համաձայնագիրը կվավերացնի: Դիտեք նաև տեսանյութը: