Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկը չի պարզել՝ ինչու էին իրեն կալանավորել (տեսանյութ)

Քաղաքականություն
axasi-martirosyan

4 ամիս կալանքի տակ մնալուց հետո զինված հանցախմբի գործով կալանավորված Աղասի Մարտիրոսյանն այսօր ազատ արձակվեց:  Նա ամեն օր սպասել է  այս օրվան: «Նման որոշման ես 4 ամիս առաջ էլ էի սպասում:  Համոզված էի, որ ինձ կալանավորելու ոչ մի հիմքեր չունեին քննչական մարմինները։  Թե ես ինչ կապ ունեմ այդ գործի հետ,  կոնկրետ հիմքեր չներկայացվեցին»,- «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակվելուց հետո «Ա1+»-ին ասաց Աղասի Մարտիրոսյանը: Ազատամարտիկը նաեւ  25 օր հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով չոտնահարել իր իրավունքներն ու դադարեցնել անօրինական նախաքննությունը, մի ցանկություն ունի. «Ինձ բացատրեին, թե ես ինչի համար եմ կալանավորված, կոնկրետ այդ գործի հետ ես ի՞նչ կապ ունեմ»: Նախաքննական մարմինը որոշել է փոխել  Աղասի Մարտիրոսյանի  խափանման միջոցը՝ քաղաքից չբացակայելու մասին ստորագրությամբ: « Երկու անգամ կալանքի ժամկետը երկարացվել էր, բայց երրորդ անգամ ԱԱԾ-ն չդիմեց դատարան՝ կալանքի ժամկետը երկարացնելու, որովհետեւ հիմքեր չկային կալանքի տակ պահելու համար»,- նշում է Աղասի Մարտիրոսյանի պաշտպան Լիանա Բալյանը: ԱԱԾ-ն   Աղասի Մարտիրոսյանի խափանման միջոցը նախորդ երկու անգամները երկարացնելիս, որպես հիմք նշել էր, թե  նա կարող է նախաքննությանը խոչընդոտել, թաքնվել նախաքննության մարմնից, ինչպես նաեւ առերես հարցաքննություններ պետք է կատարվեն. « Փետրվարի 5-ին , երբ կալանքի ժամկետը երկարացվեց, երկու ամսվա ընթացքում քննչական գործողություններ չկատարվեցին»: Առաջիկայում պաշտպանը կմիջնորդի նաեւ կարճել իր պաշտպանյալի մասով հարուցված քրեական գործը: Իսկ Աղասի Մարտիրոսյանը իր հետագա քայլերի մասին այս պահին նախընտրում է չբարձրաձայնել: