Երկու տարի Արդարադատության նախարարությունն ասում է՝ սպասեք
Ռուսաստանի Տոմբով քաղաքի գաղութում գտնվող Հրաչյա Հարությունյանը ողնաշարի ճողվածք ունի, դիմել է իրեն վիրահատելու համար, սակայն չեն վիրահատում: «Անտեսում են: Մենք կալանավայր ենք ուղարկել նաեւ ռենտգեն հետազոտության տվյալները, սակայն ուշադրության չեն արժանացնում»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը։ Նրա խոսքերով՝ այսօր, սակայն, Հրաչյա Հարությունյանին հիվանդությունից ավելի շատ անհանգստացնում է Հայաստան տեղափոխվելու հարցը: «Հարազատներից պարբերաբար հետաքրքրվում է: Իսկ մեզ երկու տարի է Արդարադատության նախարարությունն ասում է՝ սպասեք: Արտահանձնման գործընթացը ձգձգվում է: Մարդն էլ սպասողական դրության մեջ է»,- նշեց Վիկտոր Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ 2013 թ հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ Հրաչյա Հարությունյանը բեռնատարով բախվել էր ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ էր մահացել։ Նա դատապարտվել է 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման: