Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրագրողներին դուրս հրավիրեցին ԸՕ քննարկումից (տեսանյութ)

Քաղաքականություն
7c51d0cb1b31b5f41b233095cec635f8

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այս պահին անցկացնում է քննարկում ՀՀ ԸՕ նոր նախագծի շուրջ: Քննարկմանը մասնակցում են Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ԱԺ այն պատգամավորները, որոնք հիմնականում չեն կիսում ՀԱԿ առաջարկած 4+4+4 ձեւաչափի սկզբունքները: Քննարկմանը մասնակցում են ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ռուբիկ Հակոբյանը, Նաիրա Զոհրաբյանը,  Լյովա Խաչատրյանը: Իսկ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, որը միացել է 4+4+4 ձեւաչափին, քննարկման կեսից դուրս եկավ: «Ա1+»-ի հետ զրույցում նա ասաց, որ ինքը քննարկմանը մասնակցում էր որպես Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, իրեն հրավիրել էին: Նա նաեւ ասաց, որ ինքն այդ քննարկմանն այլեւս անելիք չուներ, քանի որ իրենց հիմնական մոտեցումները «Հայկական վերածնունդ միավորում»-ը կներկայացնի այսօր երեկոյան 4+4+4 ձեւաչափին կողմնակիցների հանդիպմանը: Ի դեպ, նախապես հայտարարվել էր, որ այս քննարկումը բաց է լինելու լրատվամիջոցների համար: Սակայն քննարկմանը սկզբում հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ լրագրողներն իրենց խանգարում են ու նրանք, մի քանի կադր անելուց հետո, պետք է լքեն դահլիճը: Մեր այն դիտարկմանը, որ սա բաց քննարկում է ու լրագրողները կարող են ներկա գտնվել, նա եւ եւս մի քանի պատգամավոր արձագանքեցին, թե քննարկումը փակ չէ, աշխատանքային է, եւ լրատվամիջոցները պետք է դուրս գան: