Նպատակ ունեն ՀՀ վերլուծական դաշտը համեմել երիտասարդ դեմքերով

«Եթե երկրում մի բան փոխվի, պետք է երիտասարդները փոխեն»: Հենց այս նույն տրամաբանությամբ էլ 2011 թվականին, Հայաստանյան տարբեր բուհերից մի քանի ուսանողներ միավորվելով ստեղծեցին «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնը»՝ միտք ունենալով զարգացնել տեղի վերլուծական դաշտը: Այսօր այդ կենտրոնն ունի 50 անդամ, որոնք մտադիր են Հայաստանի վերլուծական դաշտը համեմել երիտասարդ դեմքերով: Կարեւոր թեմաների շուրջ հանդիպումներն ու քննարկումները պարտադիր են:

Կենտրոնի ստեղծման նպատակը մեկն է. «Դարձնել երիտասարդության ձայնը լսելի եւ բարձրացնել վերլուծական դաշտի որակն ու դրանով իսկ նպաստել քաղաքացիական հասարակության ստեղծմանը: Մենք չենք ձգտում գրավել որեւէ տեղ, որ ունեն այլ վերլուծական կազմակերպությունները, այն տեղը, որին որ մենք ենք ձգտում, այս պահին ազատ է։ Դա երիտասարդության խոսքն է»,-ասում է կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը:

Վերլուծական նյութերը հրապարակում են իրենց պաշտոնական կայքում։ Թեմաները տարբեր են՝քաղաքագիտական, մշակութային, պատմական եւ տնտեսական։ Առավելությունը մեկն է. «Մեր բոլոր հրապարակումները գիտահանրամատչելի են։ Չոր գիտական չեն, դրանք նախատեսված են լայն շրջանակների համար»,-ասաց Արեգ Քոչինյանը։

Կենտրոնն ունի հինգ թիմ՝ թարգմանիչների, խմբագիրների, հասարակայնության հետ կապերի, ՏՏ-ի եւ վերլուծաբանների թիմ։ Երիտասարդ վերլուծաբաններն ունեն  կանոնադրություն. չհարել որեւէ քաղաքական ուժի գաղափարներին: Սա ուղղված չէ որեւէ կուսակցության դեմ, եւ վերլուծությունը պահպանում են անաչառ։

Իրենց ժողովրդավարական կառույց համարող կենտրոնը կամավորական բնույթ ունի։ Ֆինանսավորումը դեռ անդամավճարների հաշվին է։ Իսկ աջակիցներ ունենալու դեպքում՝ պետք է լինեն քաղաքականապես չեզոք։

mar1