Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընդդիմության առաջարկները դեռ կարող են ընդունվել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
axvan

ՀՅԴ շատ առաջարկներ տեղ են գտել Ընտրական նոր օրենսգրքի նախագծում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ ավելացնելով, որ աշխատանքը դեռեւս ավարտված չէ: Ըստ նրա՝ արդեն քվեարկված ընտրացուցակների հրապարակումը միակ բալասանը չէ՝ բոլոր հարցերը չեն լուծվելու, նույնիսկ կարող են խնդիրներ առաջանալ. «Սակայն այնպիսի մեխանիզմների ներդրումը, որոնք կարող են մատչելիությունն ու վստահությունը բարձրացնել, որ ուրիշի փոխարեն չեն կարող քվեարկել, որ հանրապետությունից բացակայողների փոխարեն հնարավոր չէ քվեարկել, եթե այս հարցերը մենք կարողանանք լուծել, ապա զգալիորեն կմեծանա վստահելիությունը»: Աղվան Վարդանյանի կարծիքով՝ բալասանը կլինի տեխնիկական միջոցների ներդրումը. «Գիտեմ, որ ժամանակը քիչ է, սակայն պետք է այնպես անել, որ ՀՀ բոլոր քաղաքացիներին կարողանանք ապահովել մեկ միասնական անձը հաստատող փաստաթղթով: Իսկ եթե տեխնիկապես հնարավոր չէ, ապա կարելի է առանձին լուծումներ մտածել: Մյուս խնդիրը նույնականացման այնպիսի մեխանիզմի ներդրումն է, որը կբացառի այլ անձի փոխարեն քվեարկելը, այդ պարագայում մյուս խնդիրը կդառնա երկրորդական»: Նա մեծ ողբերգություն չի համարում, որ Վենետիկի հանձնաժողով ուղարկված նախագծում չեն ներառվել ընդդիմության առաջարկները. «Կա լայն հնարավորություն առաջիկա ամիսներին եւ լսումների, եւ քննարկումների միջոցով այդ բոլոր առաջարկությունները ներկայացնել»: ՀՅԴ խմբակցության քարտուղարը չի կիսում նաեւ ընդդիմության այն տեսակետները, թե ԸՕ-ում ռեյտինգային քվեարկության տակ քողարկված է մեծամասնական ընտրակարգը. «Սա հարյուր տոկոսանոց ընտրական համակարգ է, որն ունի իր տարբերակները, դա ունի նաեւ իր բացատրությունը՝ նաեւ քաղաքական համակարգի ներքին ժողովրդավարության, նաեւ մեր քաղաքացիների մասնակցությամբ ընտրության: Մինչ օրս ինչ էր կատարվում՝ կուսակցությունների նախագահները միանձնյա էին որոշում այդ ցանկը, եւ քաղաքացին որեւէ հնարավորություն չուներ իր ցանկացած մարդուն ուղարկել ԱԺ: Ռեյտինգային քվեարկությունը հարյուր տոկոսանոց համամասնականն է, սակայն դու քաղաքացուն հնարավորություն ես տալիս նաեւ մասնակցելու, թե տվյալ կուսակցությունից ինքը ում է ցանկանում տեսնել պատգամավոր»: