Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաչատուր Սուքիասյանը չի կողմնորոշվում` մտնել քաղաքականություն, թե ոչ (տեսանյութ)

Քաղաքականություն
grzo

«Ռոսիա մոլ»-ի բացմանն այսօր ներկա էին բազմաթիվ գործարար եւ քաղաքական գործիչներ: Կենտրոնի սեփականատեր «Սիլ» կոնցեռն ընկերության ղեկավար Խաչատուր Սուքիասյանի ներկայացմամբ՝ այս կառույցը մայրաքաղաքում միակն է, որ անմիջական մուտք ունի մետրոպոլիտենից: Նրա խոսքերով՝ «Ռոսիա մոլ»-ում ներկայացված կլինեն ինչպես համաշխարհային բրենդեր, այնպես էլ տեղական արտադարանք. «Բոլորին ասելու եմ, խրախուսելու եմ, որ խրախուսվի հայկական արտադրանքը»: Արդյոք «Ռոսիա մոլ»-ի կառուցմամբ կվերագործարկվի՞ «Ռոսիա կինոթատրոն»-ն իր սկզբնական նշանակությամբ, Խաչատուր Սուքիասյանն այլ ուղղությամբ պատասխանեց. «Մոտ 45 տարվա պատմություն ունի «Ռոսիա» կինոթատրոնը ու հիմա աշխարհում բազմաթիվ նորարարություններ կան, նոր գործիքներ կան, որոնցով հնարավոր է այսօրվա պահանջներին առավել համապատասխան կառույց ստանալ: Անկախ ամեն ինչից՝ ես կթողնեմ այն տեսքը, որ կա, ուղղակի ավելի կմոդեռնիզացնեմ, որ այսօրվան համարժեք լինի: Եթե այն համապատասխան օգուտներ, գումարներ չտա, ապա մնացած կառույցներից այդ գումարները կուղղենք, որ այն պահենք»: Խաչատուր Սուքիասյանը խոսեց նաեւ ակտիվ քաղաքականություն իր՝ հնարավոր վերադարձի մասին. «Հասունացում կա՝ եւ տարիքի, եւ անցած ճանապարհի, ինչպես նաեւ՝ ունեցած դժվարություններն ինձ հուշում են, որ դեռ չեմ կարողանում որոշում կայացնել. հաճույք ես չգիտեմ՝ ինչից պետք է ստանամ՝ շատ արտադրելուց, շատ նոր կառույցներ ստեղծելուց, թե՞ գնալ քաղաքական համակարգ, եւ արդյոք դա կնշանակի՞ մաս կազմել կառավարմանը»: «Ա1+»-ի դիտարկմանը, որ նա հին Երեւանի մի շարք կառույցներ կարողացել է փրկել քանդումից՝ դարձնելով գործող խանութներ, օբյեկտներ, արդյոք կլինե՞ն նոր՝ «փրկված» շենքեր, նա պատասխանեց. «Պատրաստ եմ ցանկացած գեղեցիկ շենք եւ կառուցել, եւ պահպանել, եւ վերակառուցել, բայց այդտեղ պետք է լինի այն միտքը՝ այդ կառույցն ինչի՞ն պետք է ծառայի»: Մեր այն հարցին՝ արդյոք հնարավոր չէր փրկել, օրինակ, Արամի 30-ը, որն անմիջականորեն գտնվում է նրան պատկանող շինությունների դիմաց. «Ես չգիտեմ՝ Արամի 30-ը ո՞ր թվականին է կառուցվել, բայց դրանից առաջ ավելի գեղեցիկ շենքեր օտարվեցին: Ես ուղղակի չեմ կարողանում հասկանալ՝ այդ գեղեցիկ շենքերի օտարման արդյունքում ինչո՞ւ ոչ մի աղմուկ չեղավ: Արամի 30-ը ես չէի համեմատի պատմամշակութային մյուս շենքերի հետ: Օրինակ՝ Աֆրիկյանների շենքը, եթե վերականգնեն, ես շնորհակալություն կհայտնեմ»: Նշենք, որ «Ռոսիա մոլ»-ը ունի 12 600քառ. մետր ընդհանուր մակերես, որից 8000 քմ-ն առեւտրային տարածք: Ներդրումները կազմել են մոտ 15 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ հիմնականում միջազգային ֆինանսական կառույցների վարկային ծրագրերի շնորհիվ, ինչպես նաեւ՝ օգտագործվել են Սուքիասյան ընտանիքի անձնական միջոցները: