Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես է վերականգնվելու Արամի 30-ը, եթե քարերը համարակալված չեն եղել

Հասարակություն
arami-30-nor

Արամի 30 շենքը քանդել են «բուլդոզերով» եւ այն ամենայն հավանականությամբ հնարավոր չէ վերականգնել: «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ճարտարապետ Արսեն Կարապետյանն՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հայտարարությանը, թե դիմել է «Հին Երևան» ծրագրի ճարտարապետ Լևոն Վարդանյանին` շենքը տվյալ  ծրագրում ներառելու հարցով: «Չեմ կարծում, որ որեւէ մեկը չափագրել է այդ շենքը եւ հետո ես չեմ հասկանում այդ քանդել-հավաքելու մոլուցքը: «Հին Երեւան» նախագիծն, առհասարակ, բուտաֆորիա է: Կարելի է քանդել ու տեղափոխել մի շենք, որը, ասենք, խանգարում է մի ինչ-որ կարեւոր միջպետական ճանապարհի կառուցմանը, բայց բոլոր շենքերը այդպես անել նորմալ չէ, դա արդեն այն հինը չէ»,- նշեց ճարտարապետը: Քաղաքաշինության նախարարը նախօրեին ասել էր նաեւ, որ Արամի 30 շենքը չպետք է քանդվեր գիշերով եւ կարող էր դեռ կանգուն մնալ, մինչեւ նրա ճակատագրի որոշումը: Այս հայտարարությունը Արսեն Կարապետյանը որակեց պատասխանատվությունից խուսափում. «Բոլորն ուզում են, որ լավ լինի, բայց կարծես չի ստացվում, սա «Տարոն, սիրուն չի»-ի շարունակությունն է»: Արամի 30 շենքի նախկին սեփականատեր Ժիրայր Ավանյանն էլ նշեց, որ իր վերջին տեղեկություններով՝ շենքի քարերը համարակալված չեն եղել. «Ես չգիտեմ ու գուցե մինչեւ քանդելը, համարակալել են, ես էլ ձեր նման միայն առավոտյան եմ տեսել, որ քանդել են շենքը»: Ժիրայր Ավանյանը, չցանկանալով մեկնաբանել որեւէ մեկի հայտարարությունը, միայն նշեց, որ ամեն ինչ անելու է Երեւանի մյուս հին շենքերը պաշտպանելու համար. «Սիրտս եմ դնելու, գիտելիքներս, հմտություններս, ամեն ինչ անելու եմ: Այդ հատվածը դառնալու է Երեւանի սիրտը»,- նշեց նա: