Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դժվար ճանապարհներ, շնչառական հիվանդություններ. ինչպե՞ս են ուսանողները հասել քննության

Հասարակություն
buh

Բուհերում այսօրվանից մեկնարկել է քննական շրջանը: «Ա1+»-ը փորձել է պարզել՝ ինչպես են ուսանողները մարզերից հասել մայրաքաղաք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ ԱԻՆ-ի, Հանրապետությունում կան փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ: Մանկավարժական համալսարանում այսօր մեկնարկել են ուսման հեռակա համակարգի դասերը, իսկ վաղն այս տարվա առաջին քննությունն է լինելու: Համալսարանում անցկացված փոքրիկ հարցումը ցույց տվեց, որ մարզերից այստեղ ուսանողները հասնելու խնդիր չեն ունեցել: Մեզ հետ զրույցում Արարատից, Հրազդանից, Սեւանից, Արմավիրից ժամանած ուսանողները նշեցին, որ Երեւան են եկել առանց խցանումերի մեջ հայտնվելու, իսկ ճանապարհներն էլ բաց են եղել: Արդյո՞ք Հանրապետությունում տարածված սուր շնչառական հիվանդությունները կարող են ազդել ուսանողների հաճախելիության վրա: «Ա1+»-ի հետ զրույցում ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը նշեց, որ այս տարվա քննական առաջին օրը բավարար թվով ուսանողներ են ներկայացել բուհ. «Հիվանդությունների հետ կապված ահազանգեր չենք ստացել, ուսանողների հոսքը քննության առաջին օրը նորմալ է: Բոլորը հստակ գրաֆիկով գիտեն քննությունների օրը, եւ եթե որեւէ առողջական խնդիր ունենան, կարող են նախապես տեղեկացնել: Առայժմ, նման խնդիր չենք ունեցել»,-ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ քննությունները ԵՊՀ-ում կշարունակվեն մինչեւ հունվարի 30-ը, իսկ 2016 թվականի առաջին դասերը կսկսվեն փետրվարի 8-ից: Պոլիտեխնիկական համալսարանից էլ հայտնեցին, որ քննաշրջանն այստեղ տեւելու է մինչեւ հունվարի 23-ը, սակայն չշտապեցին այսօր քննություններին ուսանողների մասնակցության ցուցանիշը հայտնել. մեկ օր անց միայն պարզ կլինի: