Ինչու մինչ օրս պարզ չէ, թե ինչից էին թունավորվել մանկապարտեզների երեխաները
Տարին ողբերգական էր սպառողների իրավունքների պաշտպանության տեսակետից. ահազանգում է Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա համար ցավալի է այն, որ մինչ օրս չեն բացահայտվել, թե ինչից էին թունավորվել մանկապարտեզների երեխաները: «Հավանական պատճառներից էին ջուրը, սնունդը եւ հակասանիտարական վիճակը: Այդ երեքից հայտնի չէ՝ ո՞րն է եղել: Իսկ պատասխանատուները տեղում չեն»,- նշեց նա: Արմեն Պողոսյանը բազմաթիվ գրություններ է ուղարկել նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: Նա ահազանգում է՝ դեպքերը շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ եղածները չեն բացահայտվել: Չնայած այս ամենին՝ Արմեն Պողոսյանը նշում է, որ սննդի որակը լավացել է: Անդրադառնալով ամանորյա գնումներին՝ Սպառողների միության նախագահը նշում է, որ շուկայում՝ հատկապես ընդեղենի դեպքում էական գնաճ չկա, սակայն նախորդ երկու տարիների հետ համեմատած գները շուրջ 10 տոկոսով թանկացել են: Իսկ մեր քաղաքացիներին ամանորյա թունավորումներից խուսափելու համար խորհուրդ է տալիս սնունդը երկու անգամից ավել չտաքացնել, այնուհետեւ դնել սառնարան: «Որքան էլ զարմանալի է, դեկտեմբեր ամսին զգալիորեն աճում է մանրածախ առեւտրի ծավալը, բայց մարդու ստամոքսը նույնն է, չէ՞: Պետք է մի քիչ հաշվենկատ լինել: Որ այնքան պատրաստել, որ 8-րդ օրը չուտեն կամ չթափեն: Նա հաջորդ տարում մեկ ցանկություն ունի՝ չխախտվեն սպառողների իրավունքները: