Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Առյուծներն այնքան սոված էին, որ չէին կարողանում կանգնել»

Հասարակություն
bnap

«Ցավոք, ես ինքս ինձ պետք է երկու նշանակեմ այս տարվա գործունեության համար, քանի որ ես չեմ տեսնում որեւէ առաջընթաց բնապահպանական խնդիրների լուծման հարցում»,- այսօր ասուլիսի ընթացքում նշեց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը՝ հավելելով, որ չնայած մի շարք ոլորտային խնդիրներին ուղղված գործողություններին՝ չկա արդյունք: ՀԿ-ի նախագահը մասնավորապես անդրադարձավ ոլորտի օրենսդրական խնդիրներին՝ նշելով, որ ըստ վերջերս ընդունված սահմանադրական փոփոխությունների՝ բնապահպանական ոլորտը ընդհանրապես մղված է երկրորդ պլան: Հաջորդ խնդիրը առնչվում է բիզնես ընկերություններում ստուգումներ անցկացնելու կառավարության որոշմանը, ըստ որի՝ բիզնես ընկերություններում ստուգումներ չեն անցկացվելու: «Մենք կողմ ենք փոքր բիզնեսին որոշակի ազատություն տալուն, բայց ինչ վերաբերում է հանքարդյունաբերական հզոր ընկերություններին, այս ամենը շատ լուրջ է: Սա խոսում է այն մասին, որ այն խոշոր հանքարդյունաբերական ընկերությունները, որոնք առանց այդ էլ այդքան էլ օրենքով չէին աշխատում, կանեն այն, ինչ որ արել են մինչ այժմ»: Իսկ որպես ոլորտային դրական կողմ՝ «Փրկենք Գյումրու կենդանաբանական այգու կենդանիներին» նախաձեռնության անդամ Կարինե Փանոսյանը նշեց այգու կենդանիներին խնդրի լուծմանն ուղղված փորձերը, ըստ որոնց կենդանաբանական այգու արջերը երկու ամսվա ընթացքում կտեղափոխվեն Ռումինիա՝ նրանց համար նախատեսված հատուկ պահպանվող վայր: «Կենդանիները անչափ վատ վիճակում էին, առյուծները այնքան սոված էին եւ հյուծված, որ չէին կարողանում վեր կենալ, սակայն, բարեբախտաբար, թե՛ մամուլի, թե՛ սփյուռքահայ գործընկերների շնորհիվ հնարավոր եղավ գումար հայթայթել եւ կերակրել նրանց»: Նա նաեւ հավելեց, որ դեկտեմբերի 22–ին Բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանի հետ հանդիպման ընթացքում որոշում է կայացվել ստեղծել աշխատանքային խումբ, որը զբաղվելու է կենդանաբանական այգիների, ճգնաժամային վիճակում գտնվող կենդանիների, օրենսդրական մի շարք կարգավորումների հարցով: